Թրամփի աջակիցների ցույցի մասնակիցները միացել են հայ համայնքի կազմակերպած բողոքի ակցիային
Monday, October 5, 2020Գլենդելում ծրագրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների ցույցի մասնակիցները միացել են հայ համայնքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացրել է, որ մեքենաների երթով շարժվել են Փասադենա քաղաք, որտեղ քաղաքապետարանի առջև անցկացվել է բողոքի ցույց։ Ներկաներն իրենց աջակցությունն են հայտնել հայ համայնքին և հույս հայտնել, որ ռազմական գործողությունները շուտով կավարտվեն:
Բողոքի ցույց է տեղի ունեցել նաև Գլենդելում՝ Արցախի պողոտայում։ Լոս Անջելեսի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է բողոքի ցույցեր են ընթանում՝ հաջակցություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի: Ցույցերի մասնակիցները Ադրբեջանին ու Թուրքիային սանձելու կոչերը հնչեցնում են նաև օտար լեզուներով. Եվրոպայից ԱՄՆ մեկնած հայերը հորդոր են հղում այն երկրների լեզուներով, որտեղից եկել են իրենք:
Լոս Անջելեսում տոնել են նաև լռության պատը կոտրելու հաղթանակը. CNN-ը հոկտեմբերի 3-ին անցկացված բողոքի ցույցերից հետո անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային:
Սեպտեմբերի 27-ից սկսած Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի սադրիչ գործողություններից հետո աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայերը և հազարավոր օտարազգիներ անցկացնում են ակցիաներ՝ բողոքի ձայնը բարձրացնելով ռազմական գործողությունների առնչությամբ: Նրանք կոչով դիմում են կառավարություններին, միջազգային կազմակերպություններին սահմանային իրավիճակի վերաբերյալ գնահատական տալու և նպաստելու Ադրբեջանի, Թուրքիայի ագրեսիան կանգնեցնելու գործում: Միջոցառումների ժամանակ համայնքների ներկայացուցիչները, Հայաստանին ու Արցախին օգնելու համար նաև հանդես են գալիս, առաջին անհրաժեշտության ապրանքների հավաքագրմամբ: Չեն մոռանում հիշեցնել «Հայաստան» համահայկական դրամում «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» բացված խորագրով դրամահավաքի մասին՝ հորդորելով կատարել ներդրում:
Դալլասի հայերը ևս սկսել են լայնածավալ ցույցերի շարք իրականացնել ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:
https://armenpress.am/arm/news/1030409.html