Թրամփը շահեց իմփիչմենթի գործընթացից, սակայն կարեւորը ընտրություններն են
Friday, February 7, 2020ԱՄՆ-ի քաղաքական պատկերն այս շաբաթվա ընթացքում կրեց ուշագրավ փոփոխություններ: Նախագահ Դոնալդ Թրամփն իր դեմ սկսված իմփիչմենթի գործընթացից դուրս եկավ հաղթանակած ու գրանցեց վարկանիշի նկատելի աճ: Այովա նահանգում անցկացված Դեմոկրատական կուսակցության ներկուսակցական ընտրություններում տեղի ունեցավ խառնաշփոթ: Այս ամենի արդյունքում նախագահ վերընտրվելու Թրամփի հեռանկարներն այսօր շատ ավելի խոստումնալից են նրա համար, քան մինչ այժմ անցած բոլոր ժամանակներում:
Սենատում արդարացվելուց մեկ օր առաջ արտասանած նախագահական ամենամյա ուղերձի ժամանակ էլ Թրամփն իր խոսքը կազմակերպել էր որպես նախընտրական քարոզարշավ ու գովաբանություն` հայտարարելով, թե ‘’Ամերիկայի թշնամիները փախուստի մեջ են, Ամերիկան հարստանում է, Ամերիկայի ապագան փայլում է’’: ‘’Տարիներ տեւած տնտեսական անկումն ավարտված է’’, հայտարարում էր Թրամփը:
Ինչպես նախագահական պատմաբան Ալան Լիխտմանն է ասում, Թրամփին արդարացնելու հանգամանքը կարող է լինել քաղաքական շարժիչ ուժ նրա համար: ‘’Եվ Թրամփի աջակիցները ու տատանվողներից շատերը կհավատան, որ իմփիչմենթի գործընթացը Թրամփի լեզվով ասած ‘’վկուհակորս’’ էր կազմակերպված միայն մեկ կուսակցության կողմից:
Մինչեւ ընտրություններն ընկած ժամանակահատվածը Թրամփը կարող է իր արշավի համար շահել ԱՄՆ-ի տնտեսական աճից , ասում է վերլուծաբան Ջոն Ֆորթիերը:
Իմփիչմենթի գործընթացը մոտակա ժամանակներում վնասակար ազդեցություն է թողնելու դեմոկրատների վրա: ‘’Սակայն ընտրությունների նախաշեմին դեմոկրատները կարող են շահել միավորներ’’, ասում է Ալան Լիխտմանը ու ենթադրում, որ դեմոկրատները կհիշեցնեն հանրապետականների այն խոսքերը, թե հարցի լուծումը տալու են ընտրությունները: ‘’Դե մենք հիմա պատրաստ ենք ցույց տալու Թրամփից ազատվելու միջոցը’’, ըստ պատմաբանի, կասեն դեմոկրատները:
Իսկ այս ամբողջ ընթացքը, ըստ վերլուծաբան Ջիմ Քեսլերի, ցույց տվեց, թե որքան բաժանված է Ամերիկայի հասարակությունը, որքան մասնատող` նախագահը, որքան պառակտված` մամուլը:
Ո՞վ է լինելու այս ամենի դատավորը: Եթե իմփիչմենթի հարցով դատարանը Սենատում էր, ապա այս ամենի դատավորը լինելու է ԱՄՆ-ի ժողովորդը` ընտրությունների ժամանակ:
https://www.amerikayidzayn.com/a/5278016.html