Թուրքագետը Հայաստանի տարածքի մասին Ալիևի հայտարարությունները հոգեբույժի վերլուծության նյութ է համարում
Tuesday, April 13, 2021Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններում լրջագույն հակասություններ կան, ու նա Հայաստանի տարածների նկատմամբ նկրտումները դժվարությամբ է քողարկում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով ադրբեջանական Դիվանագիտական ակադեմիայում Իլհամ Ալիևի հակասող հայտարարությունները. միևնույն ելույթում նա, մի կողմից, ասել էր, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ, մյուս կողմից` Երևանը, Սևանը և Սյունիքը Ադրբեջանի տարածքներն են եղել, և երիտասարդությունը դա պետք է իմանա:
«Պետք է հասկանանք, որ Ադրբեջանի իրական քաղաքականությունը` Հայաստանի տարբեր տարածքների նկատմամբ ոտնձգությունն է: Հայտարարության մյուս հատվածը այլ մասնագետների, մասնավորապես` հոգեբույժների վերլուծության խնդիր է` թե ինչպես կարող է հայտարարելով Երևանի, Սևանի, Սյունիքի նկատմամբ իր հավակնությունների մասին, նաև հայտարարի, որ տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ չունի»,- ասաց Մելքոնյանը:
Ռուբեն Մելքոնյանը նաև անդրադարձավ Ալիևի այն հայտարարությանը, թե 100 տարի առաջ Սևանա լիճը ուրիշ անվանում ուներ: Թուրքագետը խորհուրդ տվեց Ալիևին նայել ավելի վաղ շրջանի քարտեզները և տեսնել Ադրբեջան անունով պետություն ընդհանրապես տարածաշրջանում երբևէ գոյություն ունեցե՞լ է, թե ոչ:
«Կարծում եմ, որ այս ամենը վկայում է նրա մասին, որ մեր հարևանությամբ գոյություն ունի մի պետություն, որը որևէ առնչություն չունի միջազգայնորեն ընդունված չափորոշիչների և չափանիշների հետ և 21-րդ դարում անգամ այդ պետության մտածողությունն ու գործելաոճը համընկնում են նախնադարյան հասարակարգի և որևէ կանոնակարգման մեջ չգտնվող ծավալապաշտական մոտեցումների հետ»,- եզրափակեց Մելքոնյանը:
https://armenpress.am/arm/news/1048883.html