Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, երկու անձ բերման է ենթարկվել
Thursday, June 10, 2021Դատախազության հաղորդմամբ` այսօր ոստիկանության Գավառի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչների կողմից Գավառի տարածաշրջանի ընտրողներին բնամթերային տեսքով կաշառք է տրվել՝ նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:
«Նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. հունիսի 8-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, այդ կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար Ա. Ա.-ն ընտրողներին կաշառք տալու համար նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գտնվող բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան ըստ ցուցակի բաժանել ընտրողներին», - հայտնում է դատախազությունը:
Շարունակելով` կառույցը նշում է, որ այսօր առավոտից սկսած՝ Ս. Զ.-ն, ըստ ցուցակի, 8 ընտրողների որպես կաշառք տվել է մեկական փաթեթ սննդամթերք՝ յուրաքանչյուրը մոտ 7000 դրամ արժողության՝ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու և ավելի ընտրողներին կաշառք տալու և ստանալու հանցագործության հատկանիշներ՝ ոստիկանությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Ա. Ա.-ն և Ս.Զ.-ն բերման են ենթարկվել:
https://www.azatutyun.am/a/31298830.html