Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ
Wednesday, July 17, 2019Կրոնական ազատության հարցերով նախարարական երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 16-ին հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովի անցկացումը՝ որպես համագործակցային հարթակ կրոնի և հավատքի ազատության պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի համադրման համար:
Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց կրոնի ազատության իրավունքի իրականացման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները՝ ընդգծելով վտանգված կրոնական խմբերի պաշտպանության անհրաժեշտությունը: Կողմերն առանձնահատուկ անդրադարձ կատարեցին Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ քրիստոնյաների պաշտպանության խնդիրներին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն հայտնեցին հայ-ամերիկյան գործընկերային և բարեկամական հարաբերությունների վերջին շրջանի դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով, որ առկա երկկողմ հարուստ օրակարգը լավ հիմք է տարբեր ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման համար:
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցերի շուրջ:
Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարն անդրադարձան նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին և հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը: Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը:
https://m.shamshyan.com/hy/article/2019/07/17/1130203/