Երեկ վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. սահմանին վիճակը կայուն է
Wednesday, January 12, 2022Հայ-ադրբեջանական սահմանին երեկ ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունի՝ բոլորը ժամկետային զինծառայողներ՝ 19-ամյա շարքային Վահան Բաբայան, նրա մարմինը մահացու հրազենային վիրավորումով կեսգիշերին է հայտնաբերվել, 20-ամյա շարքային Արթուր Մխիթարյան և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ղարիբյան՝ 20 տարեկան:
Վահանը թաեքվոնդոյի երիտասարդների առաջնության չեմպիոն էր, Արթուրը` ըմբշամարտիկ, Ռուդիկը` Սմարթ կենտրոնի առաջին շրջանավարտը: Երեք զինծառայողներն էլ զոհվել են Վերին Շորժայի նույն տեղանքում՝ ադրբեջանական կողմի անօդաչուի հարվածի հետևանքով: Պաշտպանության նախարարությունը հայտնում է երկու վիրավորների մասին:
«Իրենց կյանքին վտանգ չի սպառնում: Երկու վիրավոր ունենք, երկուսի վիճակն էլ կայուն է, բուժում են ստանում, նորմալ է վիճակները», - տեղեկացրեց ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Փաշիկյանը, հավելեց` երկու զինծառայողներն էլ վերջույթների հրազենային վիրավորումներով են, նրանցից մեկը բուժում է ստանում Վարդենիսի հոսպիտալում, մյուսը տեղափոխվել է Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ:
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին կայուն է. Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանից տեղեկացանք՝ երեկ երեկոյից կրակահերթերը դադարել են. «Հիմա հանգիստ է, երեկ ժամը 8:30-9-ի կողմերից հանգիստ է: Մեկ սանտիմետր առաջ չի եկել թուրքը, պաշտպանում են` ոնց որ պետք է, բոլորն իրենց դիրքում են, ու մալադեց մեր տղերքին, որ կարում են էդքան դիմադրեն անօդաչու սարքերի դիմաց»:
Երեկ Վերին Շորժայից բացի, նաև Նորաբակի հայկական հենակետերն էին ադրբեջանական զինուժի թիրախում: «Այստեղ զոհեր չեն եղել, մեկ վիրավոր ենք ունեցել,- ասաց Նորաբակի համայնքապետ Վազգեն Ասատրյանը, - մեզ մոտ էլ է հանգիստ, երեկվա 7-ի կողմերից հանգիստ է եղել»:
«Հայկական կողմի ինժեներական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանցիները փորձել են խոչընդոտել». պատգամավոր
Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի անդամ է, այսօր բացահայտել է, թե ինչից է պայթել երեկվա արյունոտ միջադեպը, որ երեք զինծառայողի կյանք խլեց. «Հայկական կողմի ինժեներական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանցիները փորձել են խոչընդոտել, որից հետո հայկական կողմը համապատասխան միջոցներ է ձեռնարկել, պատասխան է տվել, ինչից էլ առաջացել է երեկվա միջադեպը, կոնկրետ երեկվա միջադեպը ՀԱՊԿ-ի քաղաքական գործընթացների հետ չեմ պայմանավորում»:
Հայկական կողմը հայկական տարածքում ինժեներական աշխատանք կատարելիս ադրբեջանական ստորաբաժանումների անօդաչու սարքերի ու հրետանու թիրախում է
հայտնվել, իսկ ադրբեջանական կողմը կրակում է հայկական տարածքներից, Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանն ասում է՝ երեկ էլ ադրբեջանական կողմը կրակում էր Վերին Շորժայի վարչական տարածքից, որտեղ մտել, ամրացել ու դիրքավորվում է նախորդ տարվա մայիսի 12-ից:
«Ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է մեր քաղաքացիների տների միջով»
Հայաստանի օմբուդսմենն, այսօր անդրադառնալով սահմանային հերթական սրացմանը, սխալ է համարել Արտաքին գործերի նախարարության երեկ տարածած հայտարարությունը, որտեղ դարձյալ ընդգծվել էր հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշման առաջարկը: Ադրբեջանական զինուժը պետք է հեռանա Հայաստանի ինքնիշխան տարածքից, շեշտում է Թաթոյանը՝ չեզոք անվտանգության գոտին համարելով անհրաժեշտություն. «Մենք ո՞ւր պետք է հետ քաշվենք, որտեղի՞ց պետք է քաշվենք, ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է մեր քաղաքացիների տների միջով: Այդ տարածքն անհրաժեշտ է, որ մարդիկ շնչեն, որ կարողանան ապրել, որ իրենց անվտանգությունը ապահովեն»:
Տավուշում ընդհանուր առմամբ հանգիստ է եղել
Ադրբեջանական զինուժը հեռանալու նշաններ չի ցուցադրում, ավելին` Հայաստանի տարածքում արդեն իսկ կառուցել են իրենց հենակետերն իրար կապող ճանապարհներ, ենթակառուցվածքներ: Երեկ Վերին Շորժայի հատվածում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո ադրբեջանական կողմը հայտնեց մեկ զոհված զինծառայողի մասին։ Այսօր էլ այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը տեղեկություն է տարածել, որ մինչև լուսաբաց հայկական կողմը կրակել է Վերին Շորժա գյուղի կողմից:
Նշում են նաև, որ Թովուզի շրջանի իրենց դիրքերն են կրակի տակ եղել Չինարիի ուղղությունից: Չինարիի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանից տեղեկացանք՝ Տավուշի սահմանագոտու այդ հատվածում ընդհանուր առմամբ խաղաղ է եղել. «Գյուղում հանգիստ է, կրակոց չկա, գիշերը թեթևակի եղել է 12-ից հետո թեթև, բայց գյուղի ուղղությամբ չի եղել»:
Հայ-ադրբեանական շփման գծում ստեղծված իրավիճակը, զինծառայողների մահվան դեպքերը, սահմանին ապրող մարդկանց իրավունքների համատարած խախտումներն Ադրբեջանի թշնամական ու հայատյաց քաղաքականության հետևանք է համարում օմբուդսմեն Արման Թաթոյանը: Վստահ է՝ Ադրբեջանի խաղաղասիրական զրույցները միայն շղարշ են միջազգային հանրության լսողությունը շոյելու համար։
https://www.azatutyun.am/a/31650761.html