Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, հայտարարում է Պաշտպանը
Tuesday, July 20, 2021Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով, հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն՝ ընդգծելով՝ դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը։
Թաթոյանի գլխավորած խումբը, փաստահավաք աշխատանքների նպատակով, Արարատի մարզի Երասխ համայնքում է։
Ընդգծելով, որ կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է Հայաստանի սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին՝ Պաշտպանը շեշտում է՝ դա նաև ապացուցվում է այն փաստով, որ Երասխի հատվածում ադրբեջանական պարբերական դարձած կրակոցներից հուլիսի 14-ին զոհվել է Հայաստանի զինված ուժերի ծառայող:
Թաթոյանի փոխանցմամբ, այցի արդյունքները կամփոփվեն` արձանագրելով Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները: Առանձին զեկույցով մանրամասները կներկայացվեն միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն), ինչպես նաև Հայաստանի պետական համապատասխան մարմիններին:
https://www.azatutyun.am/a/31368298.html