ԵՄ-ն 10 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանում կրթության հնարավորությունների ընդլայնման համար
Thursday, October 26, 2023Global Gateway ֆորումի շրջանակում Հարևանության և ընդլայնման հարցերով Եվրամիության հանձնակատար Օլիվեր Վարհելին և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերը ստորագրել են Հայաստանում կրթական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ֆինանսական փաթեթի մի մասը: Փաթեթը կներառի 10 միլիոն եվրոյի դրամաշնորհ, որը տրամադրվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից Եվրոպական ներդրումային բանկի միջոցով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից:
Ֆինանսավորվող ծրագիրը ներառում է արտադպրոցական կրթության և ուսուցիչների վերապատրաստման երկու կենտրոնների կառուցում Սյունիքում՝ Կապանի և Գորիսի քաղաքապետարաններում։ Կենտրոնները կգործարկվեն Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից:
Կենտրոնները 6-18 տարեկան երեխաների համար կապահովեն արտադպրոցական կրթության հնարավորություններ և հասանելիություն երիտասարդական ծառայություններին: Մինչև 6000 ուսանողներ կսովորեն մեխանիկա, ծրագրավորում, ձեռներեցություն, լեզուներ, արվեստ, երաժշտություն և աթլետիկա:
«Սա կարող է օգնել ավելի ամրապնդել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջև կապը, քանի որ վերջինս առաջինի համար էական օժանդակություն է: Ավելին՝ Սյունիքում այս խելացի կենտրոնների կառուցումը կնպաստի Հայաստանի հարավային շրջանների զարգացման ավելի մեծ նպատակին»,-ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Հանձնակատար Օլիվեր Վարհելին նշել է, որ աջակցության մասին այդ հայտարարությունը Հայաստանի կրթական բարեփոխումներին ԵՄ-ի նվիրվածության ևս մեկ ապացույց է: Կրթությունը առաջնահերթություն է Հայաստանում ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում:
«Եվ ես ուրախ եմ, որ Սյունիքի մարզում ոչ ֆորմալ կրթության երկու կենտրոնների կառուցումն իրականություն է դառնալու: Սա կերաշխավորի գյուղերում կրթության որակը, աշխատուժի զարգացումն ու կպատրաստի Հայաստանի երիտասարդներին, այդ թվում խոցելի խմբերին՝ գտնելու համապատասխան աշխատանք մրցունակ աշխատաշուկայում: Սա Հայաստանում կրթության նկատմամբ ԵՄ համապարփակ մոտեցման մի մասն է, որի ուղղությամբ մենք վերջերս հատկացրինք 32 միլիոն եվրո բյուջետային աջակցություն՝ կրթության ռազմավարության իրականացման համար»,-ասել է հանձնակատարը: