Եկեղեցու և ծննդատան հանցավոր ռմբակոծություն, արգելված զենքի կիրառում. իսպանացի լրագրողը պատռում է ադրբեջանական կեղծիքը
Monday, February 1, 2021Վերջին պատերազմի ժամանակ Արցախում գործունեություն ծավալած իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսն անդրադարձել է ադրբեջանական մեդիա տիրույթում իր բացահայտումների առաջացրած իրարանցմանը: Lenta.ru-ին տված հարցազրույցից ադրբեջանական մեդիայի մեջբերումներին, կողմնակալ մեկնաբանություններին հատ առ հատ իսպանացի լրագրողն արձագանքել է: Պաբլո Գոնսալեսը ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում հանգամանորեն ներկայացնում է պատերազմի օրերին իր արձանագրածն ու տպավորությունները:
«Ամենաշատ մեջբերվող հատվածը Մարտակերտն է և ռմբակոծության ճշգրտությունը: Մարտակերտում բազմաթիվ քաղաքացիական կառույցներ են վնասվել, դրանք չեն եղել մարտական ստրատեգիական օբյեկտներ: Су-25-ի ռմբակոծությունները, որոնց մասին ասում էին, այդքան էլ ճշգրիտ չեն եղել: Մարտունիում իրավիճակն ավելի վատ էր, այնտեղ մոտ 1050 շենքերից վնասվել է 850, որից 350-ն ունեն լուրջ վնասներ, 56-ը չեն կարող վերականգնվել, և 48 մարդ զոհվել է: Ստեփանակերտում ևս ադրբեջանցիները հարվածել են քաղաքացիական օբյեկտների։ Ծննդատան հարվածը դրա վառ վկայությունն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Պաբլո Գոնսալեսը:
Իսպանացի լրագրողի խոսքով, իրեն չի հաջողվել խոսել այլ դեպքերի մասին, սակայն նախընտրում է անդրադառնալ Շուշիի եկեղեցու հանցագործ ռմբակոծությունը, երբ տեղի ունեցավ երկու հարված մեկ օրում, մի քանի ժամվա տարբերությամբ:
«Ես եղել եմ այնտեղ այդ երկու հարվածների արանքում: Առանձնացնեմ արգելված զենքի կիրառումը, այն, ինչ մեջբերում եմ տեքստում, բայց դա չի մատնանշում ադրբեջանական մամուլը: Կամ Հադրութում տարեց կնոջ հետ կատարված դեպքը, երբ նա սպանվեց անօդաչուի հարվածից: Կինն իր այգում էր, և ակնհայտորեն չի եղել օրինական թիրախ՝ դա ևս մեկ հանցագործություն է, որը պետք է հետաքննել: Մեկ այլ օրինակ, Ստեփանակերտի ծննդատան ռմբակոծումը, կառույցը գտնվում էր զինվորական հատվածներից հեռու: Սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ղարաբաղյան հակամարտության ընթացքում տեղի ունեցած նման դեպքերը տասնյակ են»,-նշել է նա:
Մնացած առումներով, Պաբլո Գոնսալեսն առաջարկում է մարդկանց նայել կոնֆլիկտի ընթացքում կատարած իր աշխատանքը, լուսանկարները, տեսանյութերը, որպեսզի կարողանան ավելի լավ դատողություններ անել իր գործունեության մասին և չսկսել հարցազրույցից, որում հնարավոր չէր ընդգրկել ամբողջը:
https://armenpress.am/arm/news/1042075.html