Դաւիթի ապաշխարանքի Սաղմոսը։
Wednesday, June 22, 20221 Ողորմիր ինձ, Աստուած, քո ողորմութեան պէս. Եւ քո մեծ ողորմութեան պէս ջնջիր իմ անօրէնութիւնները։
2 Իսպառ լուա ինձ իմ անօրէնութիւնիցը, եւ սրբիր ինձ իմ մեղքիցը։
3 Որովհետեւ ես ճանաչում եմ իմ անօրէնութիւնները, եւ իմ մեղքն ամեն ժամանակ իմ առաջին է։
4 Միմիայն քեզ դէմ մեղանչեցի, եւ չարը քո աչքի առաջին գործեցի. որ դու արդար լինիս քո խօսքերումը, եւ մաքուր լինիս քո դատաստանումը։
5 Ահա ես անօրէնութիւնով եմ ծնուել, եւ մեղքով յղացաւ ինձ իմ մայրը։
6 Ահա դու սիրում ես ճշմարտութիւնը երիկամունքներում. Եւ ծածուկ տեղը իմաստութիւն կ՛սովորեցնես ինձ։
7 Սրբիր ինձ զոպայով՝ եւ ես մաքուր կ՛լինիմ. Լուա ինձ՝ եւ ձիւնից սպիտակ կ՛լինիմ։
8 Լսել տուր ինձ ցնծութիւն եւ ուրախութիւն. թող ցնծան այն ոսկորները որ կոտրատեցիր։
9 Երեսդ թագցրու իմ մեղքերիցը, եւ իմ բոլոր անօրէնութիւնները ջնջիր։
10 Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստուած, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսումը։
11 Դէն մի գցիր ինձ քո երեսիցը, եւ քո սուրբ հոգին մի վեր առնիր ինձանից։
12 Դարձեալ տուր ինձ քո փրկութեան ուրախութիւնը, եւ կամաւոր հոգովը հաստատիր ինձ։
13 Ապա անօրէններին կ՛սովորեցնեմ քո ճանապարհները. Եւ մեղաւորները ետ կ՛դառնան քեզ մօտ։
14 Փրկիր ինձ արիւնիցը, ով Աստուած՝ իմ փրկութեան Աստուածը. Եւ իմ լեզուն կ՛փառաբանէ քո արդարութիւնը։
15 Տէր, բաց արա իմ շրթունքները. Եւ իմ բերանը կ՛պատմէ քո գովութիւնը։
16 Որովհետեւ դու պատարագ չես ուզում. Եթէ ոչ՝ ես կ՛տայի քեզ. Եւ ողջակէզներին չես հաւանում։
17 Աստուծոյ ընդունելի պատարագները կոտրուած հոգին է. Կոտրուած ու փշրուած սիրտը դու չես անարգիլ, ով Աստուած։
18 Բարի արա Սիօնին քո քաղցրութիւնովը. Երուսաղէմի պարիսպները շինիր։
19 Այն ժամանակ հաճոյ կ՛լինին քեզ արդարութեան պատարագները՝ ողջակէզներն ու մատաղները. Այն ժամանակ արջառներ կ՛մատուցանեն քո սեղանի վերայ։