Դատարանն ընդմիջեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդության քննարկումը
Tuesday, February 4, 2020ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանին միջնորդեցին կարճել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մասին գործը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջնորդության քննարկումն ընդմիջվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով։
Դատավարության մյուս մասնակիցները ելույթ կունենան հաջորդ նիստին, որը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը 13:00-ին։
Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, հղում անելով ՀՀ Սահմանադրությանն, ընդգծեց, որ 2008 թ. մարտին Ռոբերտ Քոչարյանը գործել է բացառապես նախագահի լիազորությունների շրջանակում։ Արամ Օրբելյանի խոսքով, խախտվել է և շարունակում է խախտվել Ռ. Քոչարյանի անձեռնմխելիության իրավունքը և անմեղության կանխավարկածը։ Ավարտելով ելույթը՝ Ա. Օրբելյանը խնդրեց դատարանին դադարեցնել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և կարճել սույն գործը:
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Գրիգորյանը նույնպես միջնորդություն ներկայացրեց` իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:
Ավելի վաղ, Քոչարյանի և Գևորգյանի պաշտպանների նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա, քանի որ առկա չէին հունվարի 21-ի դատական նիստին չներկայանալու հիմքեր:
Նախորդ դատական նիստը հետաձգվել էր Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների բացակայության պատճառով:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին:
Գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: