Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը չորեքշաբթի օրը ասել է, որ Սենատը չի քննարկի ամերիկացիներին անհատական ուղիղ օգնությունը 600-ից 2000 դոլարի հասցնելու մասին օրինագիծը: Ըստ Մաքքոնելի ՝ Սենատում օրինագծի արագ ընդունման «իրատեսական ուղի» չկա:
Հաշվի առնելով, որ Կոնգրեսի նոր կազմը կստանձնի իր պարտականությունները հունվարի 3-ին՝ օրենսդիրները կարող է ժամանակ չունենան միջոցներ ձեռնարկելու այդ ուղղությամբ: Որեւէ գործողության բացակայության դեպքում օրինագծի քննարկման ժամկետը լրանում է:
Դեմոկրատները երկար ժամանակ պաշտպանում էին ավելի բարձր միանվագ վճարումներ կատարելու նախաձեռնությունը, և նրանց վերահսկողության տակ գտնվող Ներկայացուցիչների պալատն արագորեն համաձայնվեց գումարը հասցնել 2000 ԱՄՆ դոլարի, այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջեց դա:
Նախագահ Թրամփը չորեքշաբթի օրը կրկնել է իր դիրքորոշումը Twitter- ում՝ կոչ անելով կրկին անհապաղ օգնության գումարը հասցնել $2,000-ի:
Մաքքոնելն արգելափակեց Սենատի դեմոկրատների նախաձեռնությունը, որով փորձ էր արվում նախագիծը դնել քվեարկության: Երեքշաբթի օրը նա ներկայացրեց իր օրինագիծը, որը կապում էր ուղիղ օգնության բարձրացման հարցը նախագահի երկու այլ պահանջների հետ, որոնց դեմ են դեմոկրատները: Խոսքը գնում է այն դրույթի վերացման մասին, որը սոցիալական ցանցերի սեփականատերերին պաշտպանում է օգտատերերի էջերում հրապարակվող բովանդակությունից:
Մաքքոնելն ասել է, որ ավելի շատ օգնության կարիքի դեպքում, Սենատը կարող է քննարկել թիրախավորված օգնության տարբերակներ:
Սենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը դատապարտեց Մաքքոնելի` երեք պահանջները միավորելու մասին որոշումը՝ ասելով, որ նա փորձում է այսպիսով ի չիք դարձնել 2000 ԱՄՆ դոլարի վճարման գաղափարը, որն այդքան շատ անհրաժեշտ է ամերիկացիներին այս պահին:
Նույնիսկ, եթե Մաքքոնելի առաջարկն ընդունվի Սենատում, ապա այն պետք է ուղարկվի Ներկայացուցիչների պալատ, որպեսզի վերջինս քվեարկի նոր դրույթների վերաբերյալ:
Որոշ հանրապետականներ աջակցություն են հայտնել տարեկան մինչև $ 150,000 եկամուտ ունեցող ընտանիքների վճարումների ավելացման գաղափարին: Դրանք կազմում են ԱՄՆ բոլոր տնային տնտեսությունների ավելի քան 80% -ը:
Մասնավորապես, այս գաղափարին աջակցեցին Ջորջիա նահանգի երկու հանրապետական սենատորները, որոնք առերեսվում են ընտրությունների երկրորդ փուլի հետ:
Սենատը սակայն կանգնած է մեկ այլ հրատապ խնդրի առջև ՝ կապված բյուջեի պաշտպանության մասին օրինագծի հետ, որի նկատմամբ Թրամփը կիրառել է վետո: Մաքքոնելը կոչ է անում հանրապետական գործընկերներին քվեարկել նախագահի վետոյի վերացման օգտին:
Նա հույս ուներ քվեարկել այս հարցի շուրջ չորեքշաբթի օրը, բայց սենատոր Բերնի Սանդերսի գլխավորությամբ մի շարք լիբերալ սենատորներ արգելափակում են պաշտպանական օրինագիծը, որպեսզի հանրապետականները քվեարկեն վճարումների ավելացման օգտին:
https://www.amerikayidzayn.com/a/5720227.html