Բաքուն՝ հայ գերիների վերաբերյալ HRW-ի զեկույցի մասին․ «Բոլոր հայ ռազմագերիները վերադարձվել են»
Tuesday, March 23, 2021Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ խոշտագումների ու բռնությունների ենթարկելու մասին զեկույցին։
Բաքվից, ինչպես և սպասելի էր, հայտնել են, որ պահպանում են միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ «Մենք հերքում ենք Human Rights Watch-ի այն պնդումները, որ ռազմագերիների նկատմամբ վերաբերվել են Ժնևյան կոնվենցիային ոչ համապատասխան։
Ցավոք, վերջին զեկույցը, որում Human Rights Watch-ը պնդում է հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, միակողմանի է և չի արտացոլում օբյեկտիվ իրավիճակը։ Նման զեկույցների պարբերական բնույթը, որը հիմնված է անհիմն ապացույցների վրա, կասկածի տակ է դնում դրանց հավաստիությունը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ հայ ռազմագերիների հետ վարվել են Ժնևյան կոնվենցիային համապատասխան։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս մեկ անգամ հայտարարել է, որ իրենց մոտ, իբր, հայ ռազմագերիներ չկան։
«Ինչ վերաբերվում է Ադրբեջանում առկա գերիներին, ուզում ենք ընդգծել, որ Ադրբեջանը բոլոր գերիներին վերադարձրել է Հայաստան։ Անձինք, որոնք Ադրբեջանում ձերբակալվել են 2020թ-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո, ռազմագերի չեն համարվում»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերի 16-ին՝ ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքների 62 զինվորականներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները հարուցել են տարբեր քրեական գործեր, որակել դիվերսանտներ ու հրաժարվում են հետ վերադարձնել։ 8 շիրակցիներ արդեն վերադարձել են։
Հունվարի 28-ին Հայաստան է վերադարձել 5 շիրակցի գերի, փետրվարի 8-ին՝ ևս 5-ը։ Մնացյալ 54 գերիները շարունակում են մնալ Ադրբեջանում։
Հավելենք նաև, որ օրերս Human Rights Watch-ը զեկույց է հրապարակվել, որում խոսվում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու պատանդների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների, բռնությունների մասին։ Կազմակերպությունը զրուցել է նաև 4 նախկին ռազմագերիների հետ, որոնք մանրամասն նկարագրել են իրենց և այլ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումները։
Բոլորը պատմել են երկար և պարբերաբար ծեծի ենթարկվելու մասին:
Նրանցից մեկը հայտնել է, որ իրեն խոշտանգել են սուր մետաղական ձողի օգնությամբ, մյուսը պատմել է էլեկտրահարելու դեպքերի մասին, մեկ այլ նախկին ռազմագերի էլ տեղեկացրել է, որ անընդհատ վառվող ծխախոտով այրվածքներ են հասցրել: Տղամարդկանց պահել են նվաստացուցիչ պայմաններում, հատկապես առաջին օրերին շատ քիչ ջուր ու ուտելիք են տվել:
Զեկույցում նաև ասվում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է հետաքննեն այս դեպքերն ու բոլոր մեղավորներին պատասխանատվություն ենթարկեն, ինչպես նաև անհապաղ ազատ արձակեն մնացյալ բոլոր հայ ռազմագերիներին։