Արցախյան պատերազմում ահաբեկիչների մասնակցության ևս մեկ ապացույց. սովի մատնված գրոհայինները բողոքի ակցիա են անցկացրել
Friday, April 9, 2021Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի կողմից ներգրավված «Սուլեյման Շահ» թուրքամետ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Աֆրինում բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով իրենց հասանելիք աշխատավարձը, որն արդեն մի քանի ամիս է չեն ստացել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ANFnews-ը, նրանք դրանում մեղադրում են իրենց հրամանատար Աբու Համշային, ով, ըստ գրոհայինների, թուրք հովանավորներից ստացված գումարները յուրացրել է: Վարձկանները «Տելեգրամ» ալիքում կիսվել են բողոքի ակցիայից տեսանյութով:
2020 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել էր ձերբակալված ազգությամբ արաբ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից մեկ հատված, որտեղ հիշատակվում է Աբու Համշա անունով հրամանատարը:
«Աբու Հուսեյն 23 անունով անձն ասաց, որ պետք է մեկնենք Քիլիս քաղաքի հարակից տարածք, որտեղ տեղակայված է տարբեր խմբավորումների հրամանատարական կազմը: Երկու օր անց մեզ տեղափոխեցին այլ վայր, որտեղ ներկա էր «Սուլեյման Շահ »խմբավորման գլխավոր հրամանատար Աբու Համշա մականունով անձը»,-նշել էր Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին:
https://armenpress.am/arm/news/1048574.html