Արցախի միջազգային ճանաչում. Արայիկ Հարությունյանը ներկայացրել է արտաքին քաղաքականության իր ծրագիրը
Wednesday, June 30, 2021Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիայով և դրա հետևանքներով պայմանավորված տարածաշրջանային և աշխարհաքաղաքական նոր իրողություններին և մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար իր ծրագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հարությունյանը նշեց, որ կորոնավիրուսային համավարակը և Արցախյան 44-օրյա պատերազմն իրենց ծանր ազդեցությունն են թողել նաև Արցախի արտաքին քաղաքականության օրակարգային խնդիրների լուծման վրա։
«2020 թվականի պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր ներկայացուցչությունների և Սփյուռքի կառույցների աջակցությամբ քաղաքական և տեղեկատվական արշավ է ծավալել՝ ուղղված Արցախի ճանաչման գաղափարի առաջմղմանը՝ որպես Արցախի ժողովրդի միջազգային-իրավական պաշտպանության միջոց։ Ավելի քան 100 երկրների խորհրդարանների ղեկավարներին են ուղարկվել նամակներ Արցախի անկախությունը ճանաչելու կոչով՝ ագրեսիային վերջ տալու նպատակով: Արցախի պաշտոնական տեսակետը և պատերազմի հետևանքների վերաբերյալ զեկույցներ ներկայացվել են տարբեր միջազգային ատյաններում, այդ թվում նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում: Որքանով եղավ այդ աշխատանքը արդյունավետ և ինչքանով կնպաստի արտաքին քաղաքական բնագավառում մեր հետագա անելիքներին, սա այլ հարց է: Մենք այսօր նոր մարտահրավերներ ունենք՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականության հետ, այնպես որ 2020 թվականին ձեռնարկված քայլերը գնահատելու, վերլուծելու , մեր հին ու նոր բարեկամների հետ աշխատանքն ակտիվացնելու կարիք ունենք, որի ուղղությամբ քայլեր կատարում ենք»,- նշել է Հարությունյանը:
Արցախի նախագահն առաջնային է համարում հետևյալ քաղաքական նպատակները. Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և նրա կողմից ընդունված սկզբունքների շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորման գործընթացին նպաստում, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում և բռնի տեղահանված ԱՀ քաղաքացիների վերադարձի ապահովում իրենց բնակավայրեր,Արցախի Հանրապետության բնակչության կենսագործունեության համար կայուն անվտանգ միջավայրի ապահովում, պետական ինքնիշխանության պահպանում և ամրապնդում, Ռուսաստանի Դաշնության հետ կապերի խորացում և ամրապնդում, Արցախի ապամեկուսացում միջազգային հարաբերություններից ու ծրագրերից և միջազգային սուբյեկտայնության աստիճանի բարձրացում, Արցախի Հանրապետության շահերի պաշտպանություն ազդեցիկ միջազգային կառույցներում, տարբեր ձևաչափերով ու մակարդակներում օտարերկրյա տարբեր պետությունների հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների պահպանում և զարգացում, մարդասիրական խնդիրների լուծմանը, ներառյալ՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու պատանդների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրերի պարզմանը, բռնազավթված տարածքներում հայկական հոգևոր ու նյութական ժառանգության պաշտպանությանը նպաստում, արտաքին բարենպաստ պայմանների ստեղծում՝ Արցախի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման, երկրի տնտեսական անվտանգության ապահովման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, իրավական պետու-թյան և քաղաքացիական հասարակության ժողովրդավարական հաստատություն-ների ամրապնդման, մարդու իրավունքների և ազատությունների իրացման, արտերկրում Արցախի քաղաքացիների շահերի և արժանապատվության պաշտպանության համար և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդում՝ ուղղված համահայկական օրակարգային խնդիրների արդյունավետ լուծմանը:
https://armenpress.am/arm/news/1056988.html