«Արդեն 9-րդ օրն է Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ»․Արցախի օպերատիվ շտաբը նիստ է գումարել
Tuesday, December 20, 2022Ճանապարհը շարունակում է փակ մնալ և արդեն 9-րդ օրն է Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, ասել է Արցախի պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը՝ շտաբի այսօրվա նիստում՝ ընդգծելով նաև հնարավոր բոլոր սցենարներին պատրաստ լինելու կարևորությունը:
Նիստին զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզվառելիքի շուկաներում վիճակի մասին, մասնավորապես նշվել է, որ ալյուրի պաշարները բավարար են, և հացի արտադրության հետ կապված խնդիրներ չկան:
Ըստ շտաբի հաղորդագրության՝ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում առկա պաշարներից նաև որոշ տեսակի ապրանքատեսակներ են տրամադրվել խանութներին:
Վարդանյանը հանձնարարել է պետական մարմիններին նվազագույնի հասցնել բենզինով շահագործվող ավտոմեքենաների թիվը՝ նախապատվությունը տալով գազով շահագործվող ավտոմեքենաներին:
Նիստի ընթացքում ներկայացվել է նաև էներգամատակարարման, ջրամատակարարման և այլ ենթակառուցվածքների ոլորտներում ընթացիկ իրավիճակն ու խնայողություններին ուղղված միջոցառումների իրականացումը:
Այսօր Արցախում նաև Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է անցկացվել, օրակարգում Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն էր:
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։
https://www.azatutyun.am/a/32184794.html