Արդար Աստուածը փրկում է Դաւիթի անմեղութիւնը անօրէն թշնամուց։
Wednesday, July 7, 20211 Ով Տէր՝ իմ Աստուած, ես քեզ վերայ եմ դրել իմ յոյսը. փրկիր ինձ իմ ամեն հալածողներիցը եւ ազատիր ինձ։
2 Որ իմ անձը առիւծի պէս չ՛յափշտակէ եւ պատառէ, եւ ազատող չ՛լինի։
3 Ով Տէր՝ իմ Աստուած, եթէ այս բանը արել եմ, եթէ անիրաւութիւն կայ իմ ձեռքերումը.
4 Եթէ չար եմ հատուցրել ինձ հետ խաղաղ լինողին, եւ կողոպտել եմ՝ ինձ զուր տեղը նեղացնողին.
5 Ապա թող թշնամին հալածէ իմ անձը եւ հասնէ նորան. Եւ նա իմ կեանքը կոխ տայ գետնի վերայ, եւ իմ փառքը հողի մէջ բնակեցնէ։ (Սէլա։)
6 Վեր կաց, ո՜վ Տէր քո բարկութիւնովը, բարձրացիր իմ նեղացնողների կատաղութեան համար, եւ արթնացիր ինձ համար դու՝ որ իրաւունք պատուիրեցիր։
7 Եւ ազգերի ժողովքը թող շրջապատէ քեզ, եւ նորանց վերայ դարձիր դէպի բարձր տեղերը։
8 Տէրը դատաստան է անում ազգերի վերայ. Դատիր ինձ, Տէր, իմ արդարութեան պէս եւ իմ անմեղութեան պէս, որ ինձանում կայ։
9 Թող վերջանայ ամբարիշտների չարութիւնը, եւ հաստատիր արդարին. Որովհետեւ դու սրտեր ու երիկամունքներ քննող ես, ով արդար Աստուած։
10 Իմ ասպարն Աստուած է, որ փրկում է սրտով ուղիղներին։
11 Աստուած արդար դատաւոր է, եւ Աստուած ամեն օր բարկանում է ամբարշտի վերայ,
12 Եթէ ետ չ՛դառնայ, նա իր սուրը կ՛սրէ, իր աղեղը լարել եւ պատրաստել է.
13 Եւ մահի գործիքներ է պատրաստել նորա համար, եւ իր նետերը բորբոքուած արաւ։
14 Ահա նա անօրէնութեան երկունք է քաշում. Յղացած է չարութիւնով եւ ծնում է խաբէութիւն։
15 Հոր փորեց ու խորացրեց, բայց ինքն ընկաւ այն խորի մէջ՝ որ շինեց։
16 Նորա չարութիւնը կ՛դառնայ նորա գլխի վերայ. Եւ նորա անիրաւութիւնը վայր կ՛գայ իր գագաթի վերայ։
17 Ես կ՛գոհանամ Տէրիցը իր արդարութեան համար եւ սաղմոս կ՛ասեմ բարձրեալ Տիրոջ անունին։