Արածանիի ճակատամարտ
Wednesday, August 18, 2021Արածանիի ճակատամարտ, տեղի է ունեցել հայկական և հռոմեական զորքերի միջև, Արածանի գետի մոտ։ Մ.թ.ա. 69-ի Տիգրանակերտի ճակատամարտում հռոմեական զորավոր Լուկուլլոսը, չկարողանալով վերջնականապես ընկճել հայկական բանակին, նահանջեց հարավ և վերահաս ձմռանը բանակեց Տիգրան Բ Մեծի դեմ ապստամբած Կորդուք գավառում։ Վճռական ճակատամարտ տալու մտադրությամբ, մ.թ.ա. 68-ի գարնանը Լուկուլլոսն անցավ Հայկական Տավրոսի լեռները և վերսկսեց պատերազմը։ Հայկական բանակը խույս տվեց դաշտային ճակատամարտից՝ միաժամանակ հանկարծակի հակագրոհներով ու լեռնային փոքր կռիվներով խափանելով հակառակորդի մատակարարումը սնունդով ու ջրով։ Հայկական զորքը բաժանված էր երկու մասի. այրուձին գլխավորում էր Տիգրան Բ Մեծը, հետևազորը՝ Միհրդատ VI Պոնտացին։ Հռոմեական զորքը պահվում էր հայկական հետևազորի և հեծելազորի արանքում, որոնցից մեկը մշտապես սպառնում էր նրան թիկունքից։ Լուկուլլոսի բանակը ավելին քան երեք ամիս դեգերեց Տավրոսի լեռների և Արածանիի միջև ընկած տարածություններում։ Հռոմեական լեգեոնները սեպտեմբերի կեսին փորձեցին անցնել Արածանին և շարժվել դեպի Արտաշատ մայրաքաղաքը, հայկական զորքին ճակատամարտի մեջ քաշել՝ իրենց համար ձեռնտու վայրում։ Սակայն հայկական հեծելազորը, Տիգրան Բ Մեծի առաջնորդությամբ, արագ երթով Արածանիի գետանցի մոտ կանխեց հռոմեացիների առաջխաղացումը։ Կողմերն անհապաղ մարտի բռնվեցին։ Հայկական հեծելազորը նախ դիմեց խաբուսիկ փախուստի, բեկելով թշնամու մարտակարգը, ապա սկսեց հակագրոհը։ Հայ թեթևազեն հեծյալները թունավոր ու ճանկավոր նետասլաքներով ծանր կորուստներ պատճառեցին հռոմեացիներին։ Արածանիի ճակատամարտից հետո Լուկուլլոսի բանակի մնացորդները նահանջեցին հարավ և ապաստանեցին Մծբին քաղաքի պարիսպների ետևում։ Հռոմեական նվաճողներից ազատագրվեց ինչպես ամբողջ Հայաստանը, այնպես էլ Պոնտոսի թագավորության զգալի մասը։ Հռոմեացի նշանավոր զորավար Լուկուլլոսը հեղինակազրկվեց՝ Արևելքի գործերը զիջելով Գնեոս Պոմպեոսին։ Պատմիչները վկայում են, որ հռոմեացիներն այնքան դաժան ջարդ էին կրել, որ դեռ երկար ժամանակ սարսափով էին հիշում Արածանիի ճակատամարտը եվ դրանից հետո հռոմեացիները մի որոշ ժամանակ համարձակվի հարձակվել Մեծ Հայքի վրա։