Ապաշխարանքի աղօթք մարմնի և հոգու ցաւի մէջ
Tuesday, July 6, 2021Ապաշխարանքի աղօթք մարմնի և հոգու ցաւի մէջ։ Յոյս Տիրոջ օգնութեանը։ Երգողների գլխաւորին։ Նկինօթով. Ութերորդին վերայ։ Դաւիթի Սաղմոս։
1 Ով Տէր, մի յանդիմանիր ինձ քո բարկութիւնովը. Եւ մի խրատիր ինձ քո սրտմտութիւնովը։
2 Ողորմիր ինձ, Տէր, որովհետեւ տկար եմ ես. բժշկիր ինձ, Տէր, որովհետեւ իմ ոսկերքը սարսափում են։
3 Եւ իմ անձը շատ սարսափած է. Եւ դու, ով Տէր, մինչեւ ե՞րբ։
4 Դարձիր, Տէր, փրկիր իմ անձը. Ապրեցրու ինձ քո ողորմութեան համար։
5 Որովհետեւ մահի մէջ քեզ յիշել չ՛կայ. Գերեզմանումը ո՞վ կ՛փառաւորէ քեզ։
6 Ես վաստակած եմ իմ հառաչանքներովը. Բոլոր գիշերը լուանում եմ իմ անկողինը, եւ արտասուքներովս թրջում եմ իմ մահիճը։
7 Տրտմութիւնից մաշուեցաւ իմ աչքը, հնացաւ իմ նեղացնողների պատճառովը։
8 Հեռացէք ինձանից, ով բոլոր անօրէնութիւն գործողներ. Որովհետեւ Տէրն իմ լացի ձայնը լսել է։
9 Տէրը լսեց իմ աղաչանքը. Տէրն ընդունում է իմ աղօթքը։
10 Թող ամաչեն ու շատ զարհուրին իմ ամեն թշնամիները. յետ դառնան և ամաչեն շուտով։