Աշխարհում հետազոտություններ են իրականացնում «Օմիկրոն» տարբերակի հատկությունները բացահայտելու ուղղությամբ
Friday, December 3, 2021Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2021 թվականի նոյեմբերին հայտարարեց կորոնավիրուսի նոր տարբերակի՝ «Օմիկրոնի» մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, նշելով, որ այժմ գիտնականները Հարավային Աֆրիկայում և ամբողջ աշխարհում հետազոտություններ են իրականացնում «Օմիկրոն» տարբերակի հատկությունները բացահայտելու ուղղությամբ:
«Այս պահին պարզ չէ, «Օմիկրոն» տարբերակը մյուսների համեմատ ավելի վարակելի է, թե ոչ, չնայած Հարավային Աֆրիկայի շրջաններում, որտեղ շրջանառում է այս տարբերակը, ավելացել են կորոնավիրուսային հիվանդության դեպքերը: Ներկայումս իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ` պարզելու` արդյոք այն պայմանավորված է «Օմիկրոն» տարբերակով, թե՞ այլ գործոններով»,- նշվում է ՀՀ ԱՆ տարածած հաղորդագրության մեջ:
COVID-19-ի հարուցչի բոլոր տարբերակները, ներառյալ ամբողջ աշխարհում գերիշխող «Դելտա»-ն, կարող են հանգեցնել հիվանդության ծանր ընթացքի և մահվան՝ հատկապես ռիսկի խմբի անձանց շրջանում։ «Օմիկրոնը» կարող է բարձրացնել կրկնավարակի վտանգը։ Ըստ այդմ, պատվաստանյութերը շարունակում են արդյունավետորեն պաշտպանել հիվանդության ծանր ընթացքից և մահվան դեպքերից:
Նշվում է, որ պայմանավորված այն հանգամանքով, որ «Օմիկրոն» տարբերակը ճանաչվել է մտահոգիչ, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս երկրներին մի շարք միջոցառումներ ձեռնարկել, այդ թվում՝ ուժեղացնել վերահսկողությունը և ակտիվացնել գենոմային սեկվենավորման գործընթացը: Երկրները պետք է շարունակեն արդյունավետ հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկել COVID-19-ի հարուցչի շրջանառության ընդհանուր մասշտաբները կրճատելու ուղղությամբ՝ առաջնորդվելով գոյություն ունեցող ռիսկերի վերլուծությամբ և գիտական մոտեցմամբ: Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի համահավասար հասանելիություն բոլորի համար՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հետամուտ են առողջապահական միջազգային կառույցների` COVID-19-ի և դրա նոր շտամների մասին ուսումնասիրություններին և շարունակելու են տեղեկատվություն տրամադրել յուրաքանչյուր փոփոխության վերաբերյալ` հիմնվելով գիտական ուսումնասիրությունների վրա:
https://armenpress.am/arm/news/1069790.html