Անվճար գրատնակներ՝ Հայաստանի համար. ԱՄՆ-ում ծնված և մեծացած պատանին Հայաստանում անվճար գրատնակներ է տեղադրում
Wednesday, July 6, 2022ԱՄՆ-ում ծնված ու մեծացած 15-ամյա Լևոն Ալյանաքյանի նախաձեռնությամբ ու անմիջական աջակցությամբ անվճար գրատնակներ են տեղադրվել Վեդիում, Գյումրիում ու Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, յուրաքանչյուրը կարող է օգտվել գրատնակներից՝ վերցնել նախընտրած գիրքը, ընթերցել ու վերադարձնել այն՝ նույն կամ մեկ այլ գրատնակ։
«Շատերը տանը գրքեր ունեն, որոնք արդեն կարդացել են: Դրանք կարող են բերել տեղադրել գրատնակում, փոխարենն այլ գիրք վերցնել՝ ընթերցելու համար: Հուսով ենք, որ այն կծառայի իր նպատակին՝ գրատնակները կհարստանան նոր գրքերով, որոնք էլ կունենան շատ ընթերցողներ: Կարծում եմ, եթե մարդը սիրեց այս գրատնակը, կարող է 10 կամ 20 գիրք բերի: Հույս ունեմ, որ գրատնակները միշտ լեցուն կլինեն »-նշեց Լևոնը:
15-ամյա պատանին պարբերաբար է Հայաստան այցելում:
Գրատնակի գրքերը տարբեր են՝ գեղարվեստական, գիտահանրամատչելի, մասնագիտական, հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն՝ կապված թե ինչ կառույցի մոտ է գրատնակը տեղադրված:
Անվճար գրատնակների գաղափարը Հայաստանում կյանքի կոչելու համար իրականացվել է ֆոնդհայթայթում՝ յուրաքանչյուր գրատնակ իր հովանավոր ընտանիքն ունի: Տեղադրված գրատնակի ու դրա «ճակատագրի»՝ տեղադրման վայրի, գյուղի, քաղաքի, կառուցի մասին, ինֆորմացիան Լևոնն ու իր մայրը փոխանցում են հովանավորներին, ովքեր էլ հետագայում ցանկության դեպքում կարող են անձամբ գալ Հայաստան ու տեսնել այն՝ թարմացնելով գրապահոցը:
Լևոնի այս նախաձեռնությունը նաև տուրիզմի զարգացման յուրահատուկ տարբերակ է :150 հազար անվճար գրատնակ կա աշխարհի ավելի քան 45 երկրում: Հայաստանում տեղադրված գրատնակներն իրենց տեղը կգտնեն գրատնակների քարտեզի վրա՝ Հայաստանը փնտրող ցանկացած անձ կտեսնի գրատնակների աշխարհագրությունը:
https://armenpress.am/arm/news/1087684.html