ԱՄՆ-ում տնտեսությունը վերագործարկելու պահանջով հազարավոր մարդիկ են փողոց դուրս եկել
Monday, April 20, 2020Մինչ ամերիկյան նահանգների ղեկավարները վիճում են կարանտինային միջոցառումների չեղարկման անհրաժեշտության և ժամկետների շուրջ, երկրով մեկ հազարավոր մարդիկ անցած հանգստյան օրերին տնտեսությունը վերագործարկելու, սահմանափակումները մեղմացնելու կոչերով փողոց են դուրս եկել՝ վանկարկելով «Բացել երկիրը», «Ազատագրել նահանգը», «Թվերը ստում են», «Ապրիր ազատ կամ մահացիր»:
Այս գործողություններն արդարացված է համարում նախ և առաջ նախագահ Դոնալդ Թրամփը, ով նախօրեին մեկնաբանելով բողոքի ակցիաները՝ չի թաքցրել իր աջակցությունը: «Այդ մարդիկ իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու, և իմ կարծիքով՝ նրանք շատ պատասխանատու մարդիկ են», - ասել է Թրամփը:
Ցուցարարները նահանգային իշխանություններից պահանջում են հետևել նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած եռաքայլ ծրագրի դրույթներին, որի նպատակն է կորոնավիրուսի դեպքերի նվազմանը զուգահեռ վերադառնալ բնականոն կյանքի:
Սպիտակ տան ղեկավարի առաջարկի առաջին փուլը ենթադրում է ռեստորանների, մարզասրահների վերաբացում, ապա՝ դպրոցների, ուսումնական հաստատությունների, ճամփորդությունների վերաբացում, երրորդ փուլում արդեն կվերացվեն բժշկական տեսանկյունից խոցելի խմբերի նկատմամբ սահմանափակումները:
Նախագահի այդ առաջարկը, սակայն, լուրջ հակազդեցության է արժանանում մի շարք նահանգապետերի կողմից, որոնք առայժմ չեն ցանկանում չեղարկել կարանտինային միջոցառումները՝ պնդելով, որ այդ քայլերը կարող են հանգեցնել վարակի տարածման երկրորդ ալիքի: Բացի այդ, մի շարք նահանգապետեր Թրամփի վարչակազմից պահանջում են բավարար միջոցներ հատկացնել թեստավորման ծավալները մեծացնելու համար, ինչը թույլ կտա ավելի հստակ պատկեր ունենալ սահմանափակումները մեղմելու դեպքում:
«Նախագահը 15 անգամ ասել է՝ ամեն ինչ կախված է նահանգապետերից, ամեն ինչ կախված է նահանգապետերից, ամեն ինչ կախված է նահանգապետերից, և դրանից հետո նրանք ցանկանում են ընդունել օրենք, որում նահանգներին գիտե՞ք որքան են հատկացնում՝ զրո», - հայտարարարել է համաճարակի էպիկենտրոն դարձած Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն:
330 միլիոն բնակչություն ունեցող Միացյալ Նահանգներում մինչ օրս իրականացվել է միայն 4 միլիոն թեստավորում, իշխանությունները հայտարարում են առաջիկա օրերին օրական թիվը մինչև 150 հազարի հասցնելու մտադրության մասին:
Մինչ այդ, կորոնավիրուսով վարակվածների թիվը ԱՄՆ-ում հասել է 750 հազարի, զոհվել է ավելի քան 40 հազար մարդ: Մասնագետների գնահատմամբ՝ այստեղ վարակի տարածումը դեռևս չի հասել գագաթնակետին:
Համաճարակի տարածումը զսպելու նպատակով մոտ մեկ ամիս է տնտեսությունը հարկադիր պարապուրդում է, ինչը հանգեցրել է տնտեսական աննախադեպ ճգնաժամի՝ մեկ ամսվա ընթացքում Միացյալ Նահանգներում գործազուրկների թիվը մեկ միլիոն 700 հազարից հասել է 22 միլիոնի, ինչը կազմում է ԱՄՆ ողջ աշխատուժի 13 տոկոսը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ սա գործազուրկների թվի ամենամեծ աճն է Միացյալ Նահանգներում 1967 թվականից ի վեր:
Տնտեսական վնասները մեղմելու նպատակով անցած ամիս ամերիկյան կառավարությունը 2,3 տրիլիոն դոլար է հատկացրել, ինչը, սակայն, բավարար չեղավ: Դեմոկրատներն ու հանրապետականներն այժմ փորձում են համաձայնության հասնել համաճարակի հետևանքով ամենաշատը տուժած փոքր բիզնեսին առանձին ֆինանսական օգնություն հատկացնելու փաթեթի շուրջ: Ինչպես հայտարարել է նախագահ Թրամփը, ըստ ամենայնի՝ այդ հարցով վերջնական համաձայնությունը կլինի այսօր: Խոսքը 250 միլիարդ դոլարի մասին է:
https://www.azatutyun.am/a/30566073.html