ԱՄՆ-ի նախագահական երդմնակալության օրվա ամփոփում
Wednesday, January 20, 2021Եվ այսպես ԱՄՆ-ը ունի նոր նախագահ: Չորեքշաբթի օրն անցկացված արարողության ժամանակ նախագահական երդում տալով` Ջո Բայդընը դարձավ ԱՄՆ-ի 46-րդ նախագահը: 78 տարեկան Բայդընը դարձավ այս երկրի պատմության մեջ ամենամեծ տարիքում նախագահի պաշտոնը ստանձնած մարդը: 36 տարի նա եղել է սենատոր, ութ տարի զբաղեցրել է ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնը: Բայդընը երդվեց հարգել ու պաշտպանել Սահմանադրությունը ու երկիրը պաշտպանել արտաքին ու ներքին թշնամիներից:
Քամալա Հարրիսը երդում տվեց որպես երկրի փոխանախագահ, երբ արարողության ժամանակ նրա համար Աստվածաշունչը պահել էր ամուսինը`Դագ Էմհոֆը: ԱՄՆ-ի ավելի քան երկուհարյուրամյա պատմության մեջ Հարրիսն այսպիսով դարձավ կին ամենաբարձրաստիճան պաշտոնյան:
Իր ելույթում Բայդընն ասաց. ‘’Ժողովրդի կամքն ի կատար է ածվել: Մենք մեկ անգամ եւս հասկացանք, թե որքան թանկ է ժողովրդվարությունը եւ թե որքան փխրուն է այն: Այս պահին, բարեկամներ, ժողովրդավարությունը հաղթել է’’:
Իր խոսքում Բայդընը նաեւ ասաց, որ ‘’առաջընթացն անցնում է միասնության ճանապարհով’’:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին նախկին երեք նախագահներ Բարաք Օբաման, Ջորջ Բուշն ու Բիլ Քլինթընը: Սակայն նախագարի պաշտոնին հրաժեշտ տված Դոնալդ Թրամփը որոշեց անտեսել երկրի 152 տարվա այն ավանդույթը, որի համաձայն, նախագահությունը թողած նախագահը ներկա է գտնվում նոր նախագահի երդմնակալության արարողությանը: Նա հեռացավ Վաշինգտոնից`ուղղություն վերցնելով դեպի Ֆլորիդա:
Բայդընի երդմնակալության արարողությանը բացակա ստացավ նաեւ սովորաբար այստեղ հավաքվող ժողովուրդը: Պատճառը ոչ միայն կորոնավիրուսի համավարակն էր, այլ նաեւ անվտանգությունը: Մարդկանց այստեղ փոխարինում էին ամերիկյան հազարավոր դրոշներ: Ամբիոնի վրա էլ ավելի սահմանափակ էին տեղերը, որոնք դասավորվել էին սոցիալական հեռավորության կանոններին համապատասխան: Անվտանգությունը բերված էր բարձր պատրաստության, որպեսզի կասեցվեր Թրամփի աջակիցների կողմից արարողությունը խանգարելու որեւէ քայլ:
Կոնգրեսի շենքի դեմ Թրամփի աջակիցների կողմից գրոհ իրականացվելուց հետո Կոնգրեսը մի քանի օր առաջ Թրամփին երկրորդ անգամ ենթարկեց իմփիչմենթի: Եվ չնայած այն հանգամանքին, որ Թրամփն այլեւս երկրի նախագահը չէ, Սենատը անցկացնելու է իմփիչմենթի հարցով դատավարություն:
Արարողությունից հետո Բայդընն ու Հարրիսը մեկնեցին Սպիտակ տուն, որտեղ Բայդընը ստորագրեց իրենց նշանակումների մասին նախագահական առաջին հրամանները:
Բայդընը պատրաստվում է եկող տասն օրերի ընթացքում ստորագրել նախագահական գործադիր հրամաններ: Դրանց թվում են լինելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը նորից միանալու, Փարիզի կլիմայական հարցերով պայմանագրին նորից անդամակցելու, մահմեդական յոթ երկրներից ԱՄՆ մուտքն արգելելու մասին Թրամփի հրամանը չեղարկելու, ռասայական հավասարության մասին կառավարության ջանքերին զարկ տալու, անօրինական կերպով ԱՄՆ մուտք գործած անձանց պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաեւ կորոնավիրուսի պատճառով դիմակներ կրելու ամերիկացիների պարտականությունները հաստատելու մասին հրամանագրերը:
Երդմնակալության օրը երեկոյան սովորաբար անցկացվող պարահանդեսն այս տարի տեղի չի ունենա: Փոխարենը կհեռարձակվի հեռուստատեսային հատուկ հաղորդում, որի ժամանակ նորից իրենց խոսքով հանդես կգան Բայդընն ու Հարրիսը:
https://www.amerikayidzayn.com/a/5745329.html