ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է. Ամերիկայի Հայկական Համագումար
Thursday, February 20, 2020Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը զգալիորեն աճել է, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշում է Ամերիկայի Հայկական Համագումարի համանախագահ, փաստաբան Էնթոնի Բարսամյանը:
Հայաստանի այսօրվա զարգացման տեմպերն աննախադեպ են, ասում է Բարսամյանը, հավելելով, որ խոսում է որպես անկողմնակալ դիտորդ, ով Հայաստան պարբերաբար այցելում է 1987-ից ի վեր եւ ում կազմակերպությունը՝ Ամերիկայի Հայկական Համագումարը, փոխկապակցված չէ որեւէ կուսակցության հետ:
«Հենց այս պահին, տեսնելով Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, կարող եմ ասել՝ երբեք այսքան լավատեսորեն չեմ դիտարկել Հայաստանի ապագան»:
Հայաստանի առաջընթացը նկատում են նաեւ Միացյալ Նահանգների ղեկավար շրջանակներում, ասում է ամերիկահայ գործիչը. «Նկատելի է Հայաստանի նոր ժողովրդավարությանն աջակցելու գործում ամերիկյան կողմի հետաքրքրվածությունը, որպես մի երկրի, որն օր օրի այս ուղղությամբ առաջընթաց է գրանցում: Որպես ամերիկահայ, ես ավելին եմ ակնկալում իմ կառավարությունից, եւ ԱՄՆ-ի իշխանության հետ հանդիպումներին ես ընդգծում եմ՝ այժմ լավագույն ժամանակն է օգնելու Հայաստանին իրական դատաիրավական բարեփոխումներ իրականացնել»:
Էնթոնի Բարսամյանի խոսքով, թեեւ Ցեղասպանության ճանաչման համար պայքարը շարունակվելու է մինչեւ այս ողբերգական իրողության ճանաչումը նաեւ ԱՄՆ-ի նախագահի կողմից, ինչպես 1980-ականներին դա արեց Ռոնալդ Ռեյգանը, այդուհանդերձ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում պետք է ավելի զգալի դեր խաղան առեւտրատնտեսական եւ ներդրումային հեռանկարները: Հենց այս հարցերի առաջխաղացմամբ պետք է զբաղվեն արտերկրում բնակվող հայերը, համոզված է Բարսամյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին խնդիրներին, ապա դրանց պետք է մասնակցեն բացառապես Հայաստանում բնակվող քաղաքացիները, համոզված է ամերիկահայ գործիչը. «Այս հարցով ես թեժ քննարկումներ եմ ունեցել: Եթե ես պատասխանում եմ Հայաստանում քվեարկելու համար, ապա պետք է բնակվեմ Հայաստանում»:
https://m.shamshyan.com/hy/article/2020/02/20/1147853/