Դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնական թեկնածու դառնալուց հետո Ջո Բայդենն իր հիմնական քննադատությունը նախագահ Թրամփի հասցեին կենտրոնացրեց կորոնավիրուսի համավարակի դեմ նախագահի որդեգրած քաղաքականության հանդեպ, որն ըստ Բայդենի, ձախողված է: Բայդենն ընդգծում է՝ առանց համավարակը հաղթահարելու հնարավոր չէ վերականգնել երկրի տնտեսությունն ու բոլոր ոլորտների նորմալ գործունեությունը: Համագումարի իր ելույթում նա խոստացավ, որ ընտրվելու պարագայում զարկ կտա հակահամաճարակային միջոցառումներին՝ համաճարակը հաղթահարելու համար:
Այն նաև կրկին բարձրացրել է մի շարք լուրջ խնդիրներ, որոնց թվում է ռասայական անհավասարության հետ կապված խնդիրները, քանի որ համավարակից տուժել են առաջին հերթին էթնիկ փոքրամասնությունների շատ ներկայացուցիչներ: Փոխնախագահի թեկնածու Քամիլա Հարիսի կարծիքով, դա պատահական չէր, այլ կառուցվածքային ռասիզմի արդյունք է:
Իրենց ելույթներում համագումարի բանախոսները խիստ քննադատության ենթարկեցին գործող իշխանություններին ու հատկապես նախագահ Թրամփին` վերջինիս որակելով ոչ կոմպետենտ գործիչ, ով ունակ չէ արդյունավետ առաջնորդելու երկիրը:
Իր հերթին նախագահ Թրամփը իր քարոզչության հիմնական շեշտը դնում է՝ ով ավելի լավ կվերականգնի տնտեսությունը հարցի վրա: Նախագահը Բայդենին ու դեմոկրատներին որակում է որպես սոցիալիստներ, որոնց նպատակն է բարձրացնել հարկերը և գլոբալիստների հետ ամերիկյան տնտեսական ներուժը դուրս բերել երկրից: Նա ընդգծում է, որ իր կողմնակիցների հետ հանդես է գալիս որպես պատնեշ, որը թույլ չի տալիս ոչնչացնել աշխարհի ամենահզոր երկիրը:
Դեմոկրատների համագումարի ընթացքում հնչեցին նաև կոչեր համախմբման և էթնիկ բազմազանության ապահովման մասին, սակայն վերլուծաբանների կարծիքով այս ընտրություններն ամենայն հավանականությամբ կվերածվեն Դոնալդ Թրամփի վստահության հանրաքվեի, որտեղ հիմնական հարցը համավարակն է:
https://www.amerikayidzayn.com/a/5553037.html