Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել և ակտիվացնել ներգրավվածությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի ներքո՝ ԼՂ հակամարտությանն առնչվող կամ դրա հետևանքով առաջացած բոլոր հիմնախնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար, ասված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ՝ կապված ՌԴ, ՀՀ ու Ադրբեջանի միջև անցած տարվա նոյեմբերին կնքված հրադադարի համաձայնագրի հետ: ԱՄՆ դիվանագիտական գերատեսչությունը շեշտում է՝ Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը: Պետքարտուղարությունը կոչ է անում վերադարձնել մնացյալ բոլոր կալանավորվածներին, հաշվառել անհետ կորածներին, թույլատրել տեղահանվածների կամավոր վերադարձը, իրականացնել համապարփակ մարդասիրական ականազերծում, պայմաններ ստեղծել միջազգային մարդասիրական կազմակերպությունների գործունեության համար, ինչպես նաև հետաքննել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի ենթադրյալ խախտումները:
Վերլուծաբանները գտնում են, որ ԱՄՆ պետք է ավելի ակտիվ դերակատարությւոն ստանձնի Հարավային Կովկասում, մասնավորապես ԼՂ հակամարտության հարցում: Ատլանտյան խորհուրդ հաստատության վերլուծաբան Ջոն Հերբսթի կարծիքով վերջին մի քանի տարիների ընթացքում Վաշինգտոնը դարձել է երկրորդական դերակատար այս տարածաշրջանում, որի պատճառներից է ԱՄՆ-ի այլ առաջնահերթությունները:
՛՛Միացյալ Նահանգները հիմնականում հետևում էր զարգացումներին, չնայած կոչ էր անում կողմերին դադարեցնել կրակը: Ես զգացում ունեմ, որ այս մոտեցումը կշարունակվի: Իմ կարծիքով ԱՄՆ-ի համար շահավետ կլիներ ավելի ակտիվ ներգրավվածությունն այստեղ, սակայն հակված չեմ կարծելու, որ դա տեղի կունենա՛՛,- ասում է Հերբսթը:
Հերբսթի կարծիքով իրադրությունն այսօր ԼՂ շուրջ կայուն է, սակայն լարված: Իր հերթին քաղաքագետ Աննա Օհանյանը նշում է, որ հաստատված հրադարարը դադարեցրեց ռազմական գործողությունները Մոսկվայի ջանքերի շնորհիվ, սակայն չկարգավորեց հիմնական խնդիր հանդիսացող ԼՂ-ի կարգավիճակի հարցը, ինչպես նաև չլուծեց անվտանգության ռիսկերի հետ կապված հարցերը:
՛՛ Կարծում եմ՝ այստեղ անհրաժեշտ է արևմտյան տերությունների՝ Եվրամիության, ինչպես նաև ԱՄՆ-ի, շատ ավելի խորը ներգրավվածություն՝ այս համաձայնագիրը, որը ես անվանում եմ ՛՛ռուսական խաղաղություն, առավել արդյունավետ դարձնելու համար,՛՛,- նշում է Աննա Օհանյանը:
Քաղաքագետը վստահ չէ, թե արդյոք Մոսկվան ունի համապատասխան կարողություն ամբողջապես իրականացնելու բանակցած պայմանները: Նա տարակուսանք է հայտնում, որ չնայած ռուսական խաղաղապահների ներկայությանը, Բաքում շարունակում է խախտել հրադարարը, որի արդյունքում կան զոհեր, ներառյալ քաղաքացիական բնակչության շրջանում:
՛՛Արդյո՞ք Մոսկվան չունի բավականաչափ զինվորականներ այնտեղ, թե՞ խնդիրը քաղաքական է՝ կապված ՌԴ-ի կողմից քաղաքական կամքի բացակայության հետ, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա այս լարվածությունը ձեռնատու է ՌԴ-ին, որը կարող է օգտագործել դա իր օգտին և որոշակի անապահովության մակարդակ պահպանել Հայաստանի համար: Դա կարող է լինել նաև այն, որ Ռուսաստանը պարզապես բավականաչափ լծակներ չունի Ադրբեջանի նկատմամբ՛՛,- նշում է Օհանյանը:
Ջոն Հերբսթն էլ ընդգծում է, որ ընթացող զարգացումները ցույց են տալիս, որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում ռազմական գործողությունների վերսկսում: Հայաստանը խուսափում է ընդհարումից անցած տարվա ձախողման պաճառով, իսկ Ադրբեջանը՝ հավանաբար, ռուսական զորքերի ներկայության, գտնում է Հերբսթը:
''Այն, որ կողմերը անընդհատ քննադատում են միմյանց և մեղադրում մյուս կողմին առաջընթացի բացակայության մեջ, խոսում է այն մասին, որ նրանց ակնկալիքները շատ տարբեր են, և, հետևաբար, վերջնական համաձայնությունը գրեթե անհնար է կամ պարզապես անհնար'',- նշում է Հերբսթը:
Նա պնդում է, որ հրադադարի շնորհիվ ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահները դեռ երկար ժամանակ կմնան այնտեղ, քանի որ եթե Ադրբեջանը պահանջի նրանց հեռացումը, ապա Մոսկվան դա կդիտարկի որպես թշնամական քայլ: Դրա հետ մեկտեղ, վերլուծաբանը չի բացառում, որ երկարաժամկետ հեռանկարում Թուրքիան և Հայաստանը, ինչպես նաև Հայաստանը և Ադրբեջանը, կարող են բարելավել հարաբերությունները, որը հիմք կստեղծի ռուսական զորքերի դուրս բեման համար: Նա, սակայն, չի դիտարկում նման հնարավոր զարգացում մոտակա շրջանում:
https://www.amerikayidzayn.com/a/6306703.html