ԱՄՆ-ը սկսում է նավթային պատժամիջոցներ՝ պահանջելով Վենեսուելայի իշխանությունից Մադուրոյի հրաժարականը
Tuesday, January 29, 2019ԱՄՆ-ը ուժեղացնում է Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ ճնշումները, որպեսզի նա հրաժարվի Վենեսուելայի նախագահի պարտականություններից եւ իշխանությունը հանձնի ընդդիմության ընտրած առաջնորդ Հուան Գուաիդոյին։ Այս նպատակի համար ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սկսել ընդդեմ երկրի տնտեսության ամենամեծ ճյուղի՝ նավթարդյունաբերության։
Ինչպես ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն է ասել, Վենեսուելայի պետական նավթային ընկերության դեմ պատժամիջոցներ իրականացնելով, փորձելու են արգելել, որ ՝՝Մադուրոյի իշխանությունը շարունակի ժողովրդի սեփականության թալանը՛՛։
Նա միաժամանակ կոչ է արել Վենեսուելայի զինված ու անվտանգության ուժերին ընդունել իշխանությունը խաղաղ, ժողովրդավարական ու սահմանադրական եղանակով ժամանակավոր նախագահ Գուաիդոյին փոխանցելու առաջարկը։
Երբ Վենեսուելայում սկսվեցին բազմահազարանոց ցույցեր ընդդեմ Մադուրոյի իշխանության, վերջինիս կառավարությունն անտեսում էր ամեն մի կոչ։ Սակայն, ենթարկվելով միջազգային ճնշումներին, երկրի արտգործանախարար Հոհեյ Արազան ԱՄՆ-ին արդեն ներկայացնում է իր կողմի առաջարկը։ Նրա խոսքերով, ՝՝Նախագահ Մադուրոն մի քանի հազար անգամ է կրկնել, որ եթե անհրաժեշտ լինի հանդիպել նախագահ Թրամփին, կամ եթե անհրաժեշտ լինի հանդիպել չարքի հետ՝ խաղաղ հարաբերություններ հաստատելու համար, մենք դա կանենք։ Սակայն չեմ ասում, որ Թրամփը հենց չարքն է՛՛, ասել է արտգործնախարարը։
Վերլուծաբանների համոզմամբ նավթարդյունաբերության նկատմամբ պատժամիջոցները կործանարար ապտակ կդառնան Մադուրոյի համար։ Նրանցից Մայքըլ Շիֆթերի խոսքերով, ՝՝Սա միջուկային հարվածի է հավասարազոր։ Սա մի ուժեղ զենքի տեսակ է, որն ԱՄՆ-ը ունի ընդդեմ Վենեսուելայի՛՛, ասում է նա։
ԱՄՆ-ը մինչ այժմ հրաժարվել է Վենեսուելայի նկատմամբ այսպես ասած ՝՝նավթային պատժամիջոցներ՛՛ իրականացնելու հնարավորությունից, քանի որ երկու երկրներն էլ արդեն մի քանի տասնամյակ ունեն կախվածություն այս երկրի անմշակ նավթի պաշարներից։
Իսկ քանի դեռ Մադուրոն, ներկա գտնվելով զինված ուժերի զորավարժություններին, փորձում է հիշեցնել, որ բանակը շարունակում է մնալ իր կողմում, նրա հրաժարականը պահանջող մարդիկ զինվորականներին են բաժանում թռուցիկներ այն բովանդակությամբ, որ Մադուրոյին տապալելու դեպքում իրենք կարժանանան համաներման։
https://www.amerikayidzayn.com/a/4764023.html