ԱՄՆ-ը կշարունակի ներգրավված մնալ Հայաստան-Ադրբեջան գործընթացում
Wednesday, November 2, 2022Միացյալ Նահանգներն առաջիկա ամիսներին կշարունակի ներգրավված մնալ՝ դյուրացնելու քննարկումները Հայաստանի և Ադրբեջանի միջև, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը:
Երեկ կայացած ճեպազրույցում հարցին, թե իր տպավորությամբ՝ դեռ շահագրգռվա՞ծ են արդյոք երկու կողմերը մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում՝ նախօրեին Սոչիում կայացած բանակցություններից հետո, որտեղ բացի եռակողմ հայտարարությունից «այլ շոշափելի առաջընթաց չարձանագրվեց», և տեղ մնո՞ւմ է արդյոք Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերը շարունակելու համար, Նեդ Փրայսն արձագանքել է. - «Մենք այդ հանդիպման մասնակից չէինք և մենք չէ, որ պետք է խոսենք դրա մասին: Բայց ինչ վերաբերում է հարցի վերջին մասին՝ պետքարտուղար Բլինքենը բազմիցս է դա ընդգծել, այդ թվում՝ երբ նախաձեռնեց երկու արտգործնախարարներիմհանդիպումը Նյու Յորքում»:
«Մենք հավատարիմ ենք Հայաստան-Ադրբեջան խաղաղությանը և երկու երկրների միջև բանակցություններին։ Մենք կարծում ենք, որ ուղղակի երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար, և այդ կայուն խաղաղությանը, ի դեպ, երկու երկրներն էլ հայտարարել են, որ ձգտում են», - շեշտել է Փրայսը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը կշարունակի ներգրավված լինել գործընթացում նաև առաջիկա ամիսներին՝ դյուրացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումները, և դա կանի «երկկողմանի, գործընկերների հետ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների միջոցով»։
Հարցին, թե կարելի՞ է ակնկալել հեռախոսազանգեր կամ հանդիպումներ պետքարտուղարի և արտգործնախարարների միջև, Պետդեպարտամենտի խոսնակն արձագանքել է. - «Կարծում եմ՝ այդ ամենը սեղանի վրա է: Մենք կանենք այն, ինչն ամենաօգտակարն ենք համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման համար»:
https://www.azatutyun.am/a/32111616.html