ԱՄՆ դեսպանը հանդիպել է գերեվարված հայ զինծառայողների ազգականներին
Tuesday, April 5, 2022Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մարտի 29-ին հանդիպել է 2020 և 2021թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին, տեղեկացնում է ԱՄՆ դեսպանությունը՝ նշելով, որ հանդիպմանը ներկա էին և՛ անհայտ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։
Ինչպես հաղորդագրությունում է նշվում՝ քննարկման առանցքում մարդու իրավունքների հարցերն էին, այդ թվում՝ հրադադարի մասին 2020-ի նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, և Ժնևյան կոնվենցիան։
«Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և, հաշվի առնելով հարազատների գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկություններ չունեցող ընտանիքների ցավը, մեծացնել ջանքերը՝ միտված անհայտ կորած զինծառայողների մասին (այդ թվում՝ 1990-ականներից) տեղեկություններ ձեռք բերելուն», - ասված է դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում։
https://www.azatutyun.am/a/31786447.html