Ամերիկյան վերլուծաբանները՝ հայ-ադրբեջանական վերջին բախումների մասին
Tuesday, July 14, 2020Ամերիկյան փորձագիտական շրջանակները մտահոգված են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային զինված ընդգհարումների կապակցությամբ, որոնք, սակայն, ըստ նրանց, հասունանում էին
ԵԱՀԿ Մինսկի խումբն իր հայտարարության մեջ դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանին գրանցված զինադադարի վերջին խախտումները, որոնք, ըստ համանախագների, ընդգծում են հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության վերադարձի կարևորությունը:Միջնորդները կոչ են անում կողմերին հնարավորինս շուտ վերսկսել բանակցությունները և միջոցներ ձեռնարկել՝ հետագա լարվածությունից խուսափելու համար` օգտագործելով ուղիղ հաղորդակցման մեխանիզմները: Նմանատիպ բովակդակություն ունեցող հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ-ը՝ կոչ անելով կողմերին իրենց ներուժն ուղղել կորոնավիրուսի դեմ պայքարին:
՛՛Այսօր այս երկրները առերեսվում են անկախությունից ի վեր ամենածանր ճգնաժամին, և այս զարգացումները բավականին զգայուն իրավիճակ են ստեղծում ՛՛,- նշում է Կարնեգի հիմադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին:
Իր հերթին Conciliation Resources կազմակերպության վերլուծաբան Լոուրենս Բրոյերսը գտնում է, որ՝ այսօր երկու երկրների իշխող վերնախավերը չափազանց խոցելի են ներքաղաքական զարգացումների ու համավարակի արդյունքում: Ադրբեջանում տնտեսական խնդիրներ են նավթի գնի անկման հետևանքով, իսկ Հայաստանում կառավարությունը քննադատության թիրախում է համավարակի դեմ պայքարի հարցում: Նա վստահ է, որ վերջին ամիսների մի շարք սիմվոլիկ քայլեր ու հայտարարություններ հասունացրեցին լարվածության աճը:
՛՛Այս բախումներն ազադարարում են նաև կողմերի,՝ խաղաղության գործընթացի դինամիկայի նկատմամբ խորացող դժգոհությունները: 18 ամիս առաջ արտգործնախարարների` իրենց երկրներում խաղաղությաննը նպաստող գործողություններ սկսելու հայտարարարությունից ի վեր, այդ ուղղությամբ որևէ լուրջ քայլ չձեռնարկվեց՛՛,- ասում է Բրոյերսը:
Վերլուծաբանները մտահոգիչ են որակում բախումներին նախորդող Ադրբեջանի նախագահի քննադատությունը՝ ուղղված Մինսկի խմբի խաղաղ գործընթացին և միջնորդներին: Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչն այն դիտարկել էր որպես ահազանգ.
՛՛Ես դա ընկալեցի որպես ահազանգ, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի առճակատման փուլ, հատկապես դիվանագիտական ջանքերի արդյուքում առաջընթացի բացակայության պայմաններում՛՛,- ընդգծում է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանը:
Ըստ վերլուծաբանների,՝մտահոգիչ է նաև, որ ընդհարումն արձանագրվել է ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս: Փոլ Սթրոնսկին սակայն հավելում է, որ՝ նման բախումներն աննախադեպ չեն և եղել են նախկինում: Լոուրենս Բրոյերսի կարծիքով էլ սահմանային գոտու այս ընդհարումների նպատակն էր ստուգելու միջազգային հանրության և գործընկեր երկրների արձագանքը:
՛՛Կարծում եմ՝ դա Հայաստանի գործընկերների հավատարմության, միջազգային կարծիքի և արձագանքի թեստ էր՛՛,- ընդգծում է Բրոյերսը:
Վերլուծաբանների կարծիքով զինադադարի այս լայնածավալ խախտումը վերացնում է ավելի կառուցողական բանակցությունների բոլոր այն հույսերը, որոնք ձևավորվեցին մի քանի տարի առաջ Հայաստանում իշխանության փոփոխությունից և Ադրբեջանում քաղաքական որոշակի տեղաշարժերից հետո:
https://www.amerikayidzayn.com/a/5501423.html