Ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևը պնդում է, որ 2014-ին իրեն Քարվաճառ դիվերսիայի է ուղարկել փոխվարչապետ Ալի Հասանովը
Friday, May 20, 20222014-2020 թվականներին բանտարկված Ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևը ուշագրավ տեղեկություններ է հայտնել 2014 թվականին Քարվաճառում իրականացրած դիվերսիոն գործողությունների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շահբազ Գուլիևը «Xural TV»-ի ուղիղ եթերում պնդել է, որ իրեն և Դիլհամ Ասկերովին Քարվաճառ են ուղարկել Ադրբեջանի այն ժամանակվա փոխվարչապետ Ալի Հասանովի հրամանով։
2014 թվականի հունիսի 29-ին զինված վիճակում ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևն ապօրինաբար հատել էին Արցախի Հանրապետության պետական սահմանը, այնուհետև առևանգել և սպանել են 17-ամյա քարվաճառցի Սմբատ Ցականյանին։ Ասկերովին ու Գուլիևին ուղեկցել է երրորդ անձ՝ Հասան Հասանովը, ով Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վրա սպանել էր ՀՀ բանակի մայոր Սարգիս Աբրահամյանին և լրջորեն վիրավորել է նրա ուղեկից Կարինե Դավթյանին։ Ասկերովն ու Գուլիևը ձերբակալվել են Արցախի ոստիկանության և զինված ուժերի համատեղ գործողությունների արդյունքում, իսկ Հասանովը սպանվել է Պաշտպանության բանակի դիրքապահների հետ փոխհրաձգության հետևանքով։ Արցախի դատարանն Ասկերովին դատապարտել էր ցմահ ազատազրկման, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման։