Ադրբեջանի կողմից իրականացվող հումանիտար ահաբեկչությունն արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատությանը. Արցախի ԱԳՆ
Tuesday, March 29, 2022Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մարդասիրական խնդիրների քաղաքականացումն անթույլատրելի ու անբարոյական է համարում. ցանկացած նման փորձ մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին։ Այս մասին նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝ հիշեցնելով, որ մարտի 28-ին վերսկսվել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով. ընթացիկ ամսում Ադրբեջանը երկու անգամ երկար ժամանակով խափանել էր բնական գազի մուտքն Արցախ՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամային իրավիճակ։
«Ադրբեջանի կողմից իրականացվող հումանիտար ահաբեկչությունն արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատությանը, հնչեցվել են գազամատակարարման վերականգնման բազմաթիվ կոչեր, իրականացվել համապատասխան քաղաքական և դիվանագիտական քայլեր։ Մեծ է նաև ռուս խաղաղապահ առաքելության դերակատարությունը։
Մարդասիրական խնդիրների քաղաքականացումն անթույլատրելի է ու անբարոյական, ցանկացած նման փորձ մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են Արցախի ԱԳ նախարարությունում։
https://armenpress.am/arm/news/1079185.html