Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը . ՀՀ ԱԳ նախարարն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխնախագահը հանդիպել են
Friday, October 22, 2021ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնիեի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Կարևորելով ԿԽՄԿ իրականացրած աշխատանքները՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է կազմակերպության առանձնահատկությունը՝ որպես չեզոք, անկողմնակալ կառույցի, որը 1992 թվականից գործունեություն է ծավալում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՀՀ-ում և Արցախում ԿԽՄԿ-ի առաքելության իրականացմանը՝ երեք տասնամյակ ի վեր գոյություն ունեցող աշխատակարգի համաձայն:
Նախարար Միրզոյանը շեշտել է, որ շարունակում է առաջնային խնդիր մնալ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների շուտափույթ վերադարձի հարցը։ Խախտելով Ժնևի կոնվենցիայի և 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները՝ Ադրբեջանը շարունակում է արհեստական խոչընդոտներ ստեղծել գերիների վերադարձի հարցում։
Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ չնայած հայկական կողմի ներկայացրած ապացույցներին՝ Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում ենթադրելու, որ առկա է բռնի անհետացումների իրավիճակ։
ԿԽՄԿ պատվիրակությունն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու իր օժանդակությունը ՀՀ իշխանություններին՝ հետպատերազմյան իրավիճակում ստեղծված հումանիտար խնդիրները հաղթահարելու նպատակով:
https://armenpress.am/arm/news/1066273.html