Ադրբեջանական դատարանը 2 հայ ռազմագերու դատապարտել է 4 տարվա, իսկ 12 ռազմագերու՝ 6 ամսվա ազատազրկման
Friday, July 2, 2021Ադրբեջանական դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով 14 հայ ռազմագերիների դատավարությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում 14 հայ ռազմագերիների դեմ քրեական գործի դատավարության ժամանակ դատախազը «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու համար» պահանջել էր մեղադրյալներ Գեղամ Սամվելի Սերոբյանին, Հրաչ Արզումանի Ավագյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման, իսկ Արմեն Եղիազար Բաղասյանի, Գոռ Վահրամի Գասպարյանի, Կամո Կարենի Սեֆիլյանի, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանի, Գեւորգ Նորայրի Հասերթյանի, Սիսակ Գրիշայի Ենգոյանի, Ալբերտ Կոմիի Պետրոսյանի, Ռոմիկ Միսակի Սեդրակյանի, Արամ Գառնիկի Մինոսյանի, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանի, Էդգար Վաչագանի Մաթեսյանի և Յուրի Տիգրանի Կարապետյանի համար դատախազը պահանջել էր 2 տարվա ազատազրկման:
Բաքվի դատարանը որոշում է կայացրել Գեղամ Սերոբյանին և Հրաչ Ավագյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման, իսկ մնացածին՝ 6 ամիս: Մնացած մեղադրանքները նրանց վրայից հանվել են։
Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները, մասնավորապես` գերիների վերադարձը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հունիսի 17-ի դրությամբ Ադրբեջանում կա 60 հայ գերի, ինչպես նաև կա վարկած 110 գերիների մասին: Ադրբեջանում շուրջ 20 հայ ռազմագերու նկատմամբ կեղծ դատավարություններ են սկսվել, նրանց մեղադրում են սպանության, դիվերսիաների և այլ հանցագործությունների մեջ: Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրված հայտարարության 9-րդ կետում նշված է, որ պետք է իրականացվի ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունը:
https://armenpress.am/arm/news/1057286.html