«Սև հունվարը» որպես Ադրբեջանի հակահայկական ատելության քարոզի գործիք
Thursday, January 20, 202232 տարի առաջ այս օրերին՝ հայկական զանգվածային ջարդերից հետո, Բաքվում խորհրդային զորքերի և ադրբեջանցի զինված խմբերի միջև տեղի ունեցած բախումները հանգեցրին երկկողմանի կորուստների: Ըստ Ադրբեջանի պաշտոնական տվյալների՝ ադրբեջանական կողմի կորուստների թիվը 150 է։ Հունվարի 20-ից փետրվարի 11-ը շարունակված բախումներում մահացել է նաև 38 խորհրդային զինծառայող: 1990թ․ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Բաքվում տեղի ունեցած զարգացումներն ադրբեջանական քարոզչության մեջ ստացել են «Սև հունվար» կամ «Արյունոտ հունվար» անվանումը։
Չնայած հայերը, առավել ևս որևէ հայկական զորք և զինված ուժեր կապ չեն ունեցել նշված իրադարձությունների հետ, Ադրբեջանի իշխանությունները «Հունվարի 20»-ը օգտագործում են առավելապես հակահայկական քարոզչություն վարելու նպատակով։ Տեղի ունեցածի վերաբերյալ միֆական ընկալումներն ու «հերոսական պայքարի» գաղափարի տարածումը խարսխվում են հայերի դեմ ատելության և այլատյացության (քսենոֆոբիա) քարոզի վրա, ինչը երևում է նաև ներկա փուլում Ադրբեջանի հասարակության որոշ պատկերացումներն ու ընկալումները դիտարկելիս։
Ադրբեջանական լրատվամիջոցներում հունվարի 20-ի մասին նյութերում կարելի է տեսնել այդ քարոզչության մի շարք օրինակներ։ Դիտարկված հոդվածներից մեկն օրինակ վերնագրված է՝ «Հայկական ձեռքը Հունվարի 20-ի ջարդերում կամ Հունվարի 20-ի հրահանգ-ուղերձը Մոսկվային դեռ մեկ շաբաթ առաջ Երևանից էր տրվել»:
Նմանօրինակ ընդգծումներ նկատվում են ոչ միայն ներքին լսարանին, այլև միջազգային հանրությանն ուղղված կոչերում։ Օրինակ՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովան 2019թ․ հունվարի 11-ին միջազգային կազմակերպություններին հղած իր խորհրդային ղեկավարությանը մեղադրել է «միջազգային իրավունքի նորմերը կոպտորեն խախտելով հայերի հանցագործությանն ու ագրեսիային» աջակցելու մեջ։ Սուլեյմանովան նաև ներկայացրել է այնպիսի կեղծ պնդումներ, ինչպես «ԽՍՀՄ ղեկավարությունը աջակցել է ԼՂԻՄ-ում հայկական անջատողականությանը» և այլն: Փաստացի կեղծ հայտարարություններով ներազդելով նաև ադրբեջանական հասարակության վրա՝ Է. Սուլեյմանովան գործում է «հայերի դեմ ատելության քարոզ վարելու» քաղաքականության շրջանակներում:
1990թ․ «Սև հունվարի» առնչությամբ հայերի՝ իբրև թե այդ իրադարձությունների մեղավորի (խորհրդային զորքերից բացի) վերաբերյալ կեղծ պատումի (narrative) պետականորեն ուղղորդվող ձևավորումը և հայերի հանդեպ համընդհանուր ատելության քարոզը հանգեցրել և հավելյալ նպաստել են ադրբեջանական հասարակության շրջանում հայերի՝ առհասարակ որպես Ադրբեջանի և ադրբեջանցիների թշնամու կայուն կերպարի ամրապնդմանը։ Ադրբեջանում «Հունվարի 20»-ի վերաբերյալ անցկացված մի շարք հարցումներում հնչած կարծիքներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ հայերի վերոնշյալ նպատակուղղված թիրախավորումը հանգեցրել է Ադրբեջանի բնակչության շրջանում նշված իրադարձությունների վերաբերյալ ամբողջովին կեղծ և հիմնազուրկ պատկերացումների ձևավորմանը։
Այսպես օրինակ՝ 2018թ. հունվարի 19-ին ադրբեջանական ընդդիմադիր Kanal13 լրատվամիջոցը առցանց հարցում է անցկացրել՝ «Ի՞նչ գիտեք հունվարի 20-ի մասին» թեմայով: Կարծիքներ են հնչել, որ 1990թ. հունվարի 20-ին խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքի վրա «հարձակվել են ռուսական և հայկական զորքը»: Մեկ այլ հարցվող նշել է, որ 1990 թ. հունվարի 19-20-ին «հայկական զորքերը բռնազավթել են Ադրբեջանի տարածքներն ու կոտորել ժողովրդին»։
A24-ի կողմից հրապարակված մեկ այլ հարցմանը մասնակցել են նաև երեխաներ։ Հատկանշական է, որ երեխաները որպես մեղավոր առաջինը հիշատակում են «հայ ավազակներին»՝ երբեմն անգամ չհիշելով խորհրդային զորքերի մասին։ Շատերը պարզապես նշել են, որ «հայերն այդ օրն օկուպացրել են Ադրբեջանը»։
Հունվարի 20-ի իրադարձությունները գեղարվեստական արտացոլում են գտել ռեժիսոր Վահիդ Մուստաֆաևի «Արյունոտ հունվար» ֆիլմում, որտեղ թեև չկան հայկական զորքեր պատկերող դրվագներ, այնուամենայնիվ, հերոսների երկխոսության մեջ երևում է հայերին մեղադրելու միտումը։ Հետաքրքիր են նաև ֆիլմում հնչող երգերը, որոնցից մեկում Ադրբեջանի ԽՍՀ Կոմկուսի առաջին քարտուղար Ա. Վեզիրովին «ցածրացնելու» համար կոչում են «Վեզիրյան» ազգանվամբ։
Բաքվի հայերի ջարդերի և «Սև հունվար»-ի կապը․ զոհերը մեղավորների, մեղավորները՝ զոհերի դերում
Ինչպես նշել է ադրբեջանցի լրագրող Զեյնալ Իբրահիմովը՝ «երբ Ադրբեջանը սկսում է խոսել ցեղասպանության մասին, մոռանում է, որ այդ ընթացքում Բաքվի միլիոնավոր բնիկ բնկաչությունն է վտարվել։ Կարծում եմ, դա ցեղասպանություն է»։ Դեռևս 1988թ-1989թթ. Խորհրդային Ադրբեջանում սկսվել էին հայերի դեմ բռնաճնշումներն ու ջարդերը, որոնք շարունակվեցին նաև 1990թ. Բաքվում։ Ընդհանուր առմամբ՝ 1988-1990թթ. ջարդերի ընթացքում և դրա հետևանքով սպանված հայերի թիվը հասնում է առնվազն 500-600-ի:
Դեպքերի ժամանակագրական հաջորդականությունը հստակ ի ցույց է դնում այն փաստը, որ խորհրդային զորքերը Բաքու են մտել հունվարի 13-19-ի հայերի զանգվածային ջարդից հետո։ Թեև, ինչպես կտեսնենք ստորև, Բաքվի հայերի ջարդը խորհրդային զորքերի՝ Բաքու մտնելու առնվազն միակ պատճառը չէր, սակայն այդ դեպքերի միջև պատճառահետևանքային կապն ակնհայտ է։
Նշենք, որ Եվրոպական խորհրդարանը երեք անգամ՝ 1988թ. հուլիսի 7-ին, 1990թ. հունվարի 18-ին և 1991թ. մարտի 14-ին, ընդունել է Սումգայիթի և Բաքվի ջարդերը դատապարտող երեք բանաձև: 1990թ. հունվարի 18-ի բանաձևում կոչ է արվել ԽՍՀՄ իշխանություններին քայլեր ձեռնարկել Ադրբեջանում ապրող հայերի և նրանց գույքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Ուշագրավ է, որ այդ բանաձևով ՝ կոչ է արվել ԽՍՀՄ իշխանություններին ներկայացնել բանաձևը և վստահ լինել, որ «նրանք երաշխավորում են Ադրբեջանում ապրող հայկական բնակչության իրական պաշտպանությունը՝ զորքեր ուղարկելու միջոցով՝ միջամտելու համար» [11]: Այս փաստը արդեն ինքնին վկայում է, որ անգամ Եվրախորհրդարանը Բաքվի ջարդերը կանխելու նպատակով անհրաժեշտ էր համարում խորհրդային զորքերի մուտքը Բաքու։
Մոսկվան Բաքվում հայերի դեմ կազմակերպված ջարդերին արձագանքել էր հունվարի 15-ին՝ Ադրբեջանում արտակարգ դրություն հայտարարելով, սակայն խորհրդային զորքը Բաքու է մտել միայն հունվարի 20-ին՝ երբ հայերի դեմ ջարդերի ալիքն արդեն մեկ շաբաթ շարունակվում էր։ Թերևս խորհրդային զորքերի միջամտությունը կարելի է առավելապես պայմանավորել նշված շրջանում Բաքվում արդեն իսկ անկառավարելի դարձած իրավիճակով։ Հայերի զանգվածային ջարդերը սկսելու օրը՝ հունվարի 13-ի հանրահավաքի ընթացքում, «Ադրբեջանի Ժողովդրական ճակատ»-ի ղեկավար Ա․ Էլչիբեյը փաստացի վերջնագիր էր ներկայացրել խորհրդային Ադրբեջանի իշխանություններին՝ պահանջելով 1990թ․ մայիսի 28-ին ԽՍՀՄ-ից դուրս գալու հանրաքվե անցկացնել։ Էլչիբեյը նշել էր, որ պատասխանը լսելու համար կհավաքվեն հունվարի 20-ին։
Դեպքերի ժամանակագրությունը թույլ է տալիս փաստել, որ ադրբեջանական կողմի այն կեղծ պնդումները, թե խորհրդային զորքը Բաքու էր մտել հայերի հրահրմամբ, անհիմն են, քանի որ զորքի միջամտությունը տեղի էր ունեցել հայերի զանգվածային ջարդերի սկսվելուց մեկ շաբաթ անց։
1990թ. մարտի 29-ին Մոսկվայում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի փակ խորհրդակցության ընթացքում Ադրբեջանի պատվիրակությունը պահանջել է հունվարի 20-ի դեպքերը հետաքննող հանձնաժողով ստեղծել, սակայն այն չի ստեղծվել [13]: Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի պատվիրակությունը համանաձայնել է չհետաքննել հունվարի 20-ի դեպքերը՝ պայմանով, որ չեն հետաքննվի նաև հայկական ջարդերը։
Հունվարի 20-ի իրադարձությունների և Բաքվի հայկական ջարդերի վերաբերյալ ադրբեջանական տարբեր ուժերի ներկայացուցիչների կողմից մինչ օրս հնչած գնահատականներում կարելի է նկատել պատասխանատվությունից խուսափելու համար մեղքը միմյանց վրա բարդելու ձգտումը։ Այս համատեքստում հնարավոր է առանձնացնել նշվածի մի քանի ուղղություն՝
Հայկական ջարդերն ու «Սև հունվարը» դիտարկվել են Հեյդար Ալիևի կողմից իշխանության գալուն հիմք նախապատրաստող կազմակերպված գործողություններ:
Հունվարի 20-ի իրադարձությունների համար մեղադրանքներ են հնչել Ադրբեջանի Ժողովրդական ճակատի հասցեին և, ըստ որոշ կարծիքների, Ժողճակատը մարդկանց դուրս էր բերել փողոց՝ շատ լավ իմանալով, թե դա ինչով է ավարտվելու։
1990թ. հունվարի 25-ին Մոսկվայում Ժողովրդական ճակատ կուսակցության անդամ, «ինքնապաշտպանական ուժերի» հրամանատար Էթիբար Մամեդովը մամուլի ասուլիսի ընթացքում իշխանությանը մեղադրել է հայկական ջարդերը նախապես կազմակերպվելու մեջ, քանի որ այդպիսով կխոչընդոտվեր խորհրդարանական ընտրություններին իշխանության անցումը ԱԺՃ-ին։
Այսպիսով, թեև հունվարի 20-ի իրադարձություններն ու հայկական ջարդերը փոխկապակցված էին, սակայն կապը բնավ այնպիսին չէ, ինչպես ներկայացնում է ադրբեջանական կողմը։ Խորհրդային զորքերի Բաքու մտնելու պատճառներից մեկը կարող էր լինել հայերի հետագա ջարդերի կանխումը, սակայն դա ամենևին չի կարող նշանակել, որ Բաքվի հայերը մեղավոր էին ադրբեջանցիների կողմից կազմակերպված ջարդերի զոհը լինելու և դրանով իսկ Բաքվում խորհրդային զորքերի և ադրբեջանական զինված խմբերի միջև բախման «պատճառներից» մեկը դառնալու համար։
Վերոնշյալ փաստերի և հայտարարությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները և այլ քաղաքական ուժեր նպատակաուղղված քարոզչության և տարբեր մանիպուլյացիոն մեթոդների կիրառմամբ ադրբեջանական հասարակության շրջանում հայերի հանդեպ ատելության և թշնամանքի զգացումն արմատացնելու նպատակով օգտագործում են բոլոր ողբերգական իրադարձություններում «հայկական հետք» փնտրելու և «հայերի մեղավորությունը» ընգծելու քաղաքականությունը։ Որոշ դեպքերում հայատյացությունն առաջ է բերում ոչ տրամաբանական և անհիմն մեղադրանքների ու պատկերացումների տարածման, ինչի ականատեսն ենք լինում ամեն տարի «Սև հունվարի» օրերին։
https://armenpress.am/arm/news/1073545.html