«Կներեք, չեմ ուզում համեմատել, բայց այսօր շատ երկրներում շատ քրեական գործեր կան, եթե չեմ սխալվում, նաև Ռուսաստանում, որոնք կապված են Հայրենական մեծ պատերազմի հետ։ Խոսքը մարդկային զոհերի մասին է, նման գործերի դեպքում պետք չէ սահմանափակումներ դնել։ Բացի այդ, Հայաստանի օրենսդրության համաձայն, «Մարտի 1»-ի գործի վաղեմության ժամկետը դեռ չի լրացել», - РБK-ին ասել է Փաշինյանը։
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք Քոչարյանի գործը սկզբունքային հարց է անձամբ Փաշինյանի համար, Հայաստանի վարչապետը պատասխանել է. - «Այն սկզբունքային հարց է Հայաստանի համար՝ երբ զոհվում են տասը քաղաքացիներ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել»։
«Ռուսաստանի հավասարակշռված դիրքորոշումը հեղափոխության օրերին փաստ է»
Պատասխանելով Հայաստանում հեղափոխության հետ կապված հարցին, Փաշինյանը մասնավորապես ասել է, թե չի կարծում, որ հեղափոխության օրերին Ռուսաստանի կողմից եղել են միջամտության հստակ փորձեր։
Հայաստանի վարչապետը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հանդիպումների ժամանակ շնորհակալություն է հայտնել՝ Ռուսաստանի հավասարակշռված դիրքորոշման համար։
«Ռուսաստանի հավասարակշռված դիրքորոշումն այդ օրերին փաստ է», - ասել է Փաշինյանը։
«Մենք շարունակում ենք բանակցություններն՝ ակնկալելով, որ գազի գինը կարող է նվազել»
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև «Գազպրոմ»-ի հետ բանակցություններին։ Հայաստանի վարչապետն ասել է, որ այս տարվա ընթացքում ռուսական գազի գինը սպառողների համար չի փոխվի։
Լրագրողի ճշտող հարցին, թե մյուս տարի այն թանկանալո՞ւ է, Հայաստանի վարչապետը բացասական պատասխան է տվել՝ ընդգծելով՝ հայկական կողմը շարունակում է բանակցություններն՝ ակնկալելով, որ այդ գինը կարող է նվազել։
Հիշեցնենք՝ «Գազպրոմ»-ը թանկացրեց Հայաստան մատակարարվող գազը՝ 2019-ի հունվարի 1-ից սահմանի վրա 1000 խորանարդ մետրը վաճառում է 165 դոլարով՝ նախկին 150 դոլարի փոխարեն, սակայն հայաստանցի սպառողի համար այն անփոփոխ է մնացել։
«Վենեսուելայում տեղի ունեցողը չի կարելի համեմատել հայկական թավշյա հեղափոխության հետ»
Հայաստանի վարչապետը РБK-ին տված հարցազրույցում կրկնել է՝ Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումները հայկական թավշյա հեղափոխության հետ չի կարելի համեմատել՝ հավելելով, որ Վենեսուելայում, իր կարծիքով, կան աշխարհաքաղաքական գործոններ։
Այսօր աշխարհը կիսվել է երկու մասի. մի կողմում այն երկրներն են, որոնք չեն ճանաչում Խուան Գուիդոնի իշխանությունն, ով իրեն օրերս հռչակեց Վենեսուելայի միջանկյալ նախագահ, այդ ճամբարում է նաև Ռուսաստանը, մյուս կողմում այն երկրներն են, որոնք համարում են, թե գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն կորցրել է իր լիազորությունները և պետք է հեռանա. այդ ճամբարում է նաև Միացյալ Նահանգները:
Փաշինյանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե Վենեսուելայի վերաբերյալ պաշտոնական Երևանը դիրքորոշում կհայտնի, երբ դրա ժամանակը գա։
«Հայաստանը ցանկանում է նոր իմպուլս հաղորդել Եվրասիական տնտեսական միությանը»
Հայաստանի վարչապետը մոսկովյան այցի ընթացքում այցելել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով։ Նշենք, որ ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից անցել է Հայաստանին։
Փաշինյանն ասել է, որ Հայաստանը ցանկանում է նոր իմպուլս հաղորդել Եվրասիական տնտեսական միությանը, վերացնել բոլոր այն խոչընդոտները, որոնք այսօր դեռ արկա են։ Խոսքն, ըստ Հայաստանի վարչապետի, օրենսդրական խոչընդոտների մասին են, և նաև այն խոչընդոտների, որ դե ֆակտո կան։
Այդուամենայնիվ Փաշինյանը չի համաձայնել ռուսաստանցի լրագրողի հետ, թե Հայաստանը, որպես Եվրասիական տնտեսական միությունում նախագահող երկիր, ցանկանում է թավշյա հեղափոխություն իրականացնել կազմակերպությունում։ «Եվրասիական միությունում չեն սիրում հեղափոխություն բառը», - ասել է Փաշինյանը։
«Հայկական կողմը հետաքրքիր գաղափարներ է բերել Դավոսից»
Հարցազրույցում Փաշինյանը նաև անդրադարձել է իր դավոսյան հանդիպումներին։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հետաքրքիր գաղափարներ է բերել Դավոսից։ Ըստ Փաշինյանի, մասնավորապես կա, օրինակ, Իրանի հետ սահմանին «Մարիոթ» հյուրանոց կառուցելու գաղափար։
Ռուսական ВТБ-ի հետ հայկական կողմը բանակցություններ է վարում Թեղուտի հանքավայրը վերաբացելու համար։
«Մենք կարողացել ենք արմատախիլ անել մենաշնորհները»
Փաշինյանը նաև հայտարարել է՝ Հայաստանի նոր իշխանությունները կարողացել են արմատախիլ անել մենաշնորհները, և այսօր մենաշնորհներ Հայաստանում չկան։
«Սա չի նշանակում, որ ինչ-որ մեկին արգելվել է ինչ-որ բան վաճառել, պարզապես մյուսները նույնպես նման հնարավորություն են ստացել», - ասել է Հայաստանի վարչապետը։
Փաշինյանը պատմել է, որ վարչապետ ընտրվելուց հետո իր մոտ է հրավիրել գործարարներին և ասել, որ այսօրվանից նրանք այլևս ոչ մեկին ոչինչ չպետք է վճարեն, միայն՝ հարկեր։
«Մի պահ ես հասկացա, որ կարող են լինել ինձ նվերներ տալու փորձեր։ Ես իմ անվտանգության ծառայությանը հրահանգեցի, որ այցելուներն իմ գրասենյակ մտնեն միայն փաստաթղթերով», - ասել է Փաշինյանը։
«Հայաստանի ձայնն ավելի լսելի է դարձել»
Հարցազրույցում է անդրադարձ է եղել նաև ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը չի համաձայնել այն ձևակերպման հետ, թե կոնֆլիկտ է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Հայաստանի վարչապետն ասել է, որ ընդամենը տեղի է ունեցել սուր, կարևոր հարցերի շուրջ քննարկում՝ ընդգծելով՝ ընդհանրապես Հայաստանի ձայնն ավելի լսելի է դարձել։
https://www.azatutyun.am/a/29739725.html