«Զգում էի, որ թևերս կտրվել են, գիտակցությունս տեղն էր». ծանր վիրավորում ստացած կամավորական.
Thursday, February 11, 2021Արմեն Հասանյանն է՝ Գյումրիից։ Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից է:
Հակառակորդի անօդաչու թռչող սարքը հոկտեմբերին կտրեց երիտասարդի թևը, բայց լավատեսությունը՝ ոչ:
Արմենը պատերազմի ժամանակ եղել է ամենաթեժ կետերից մեկում՝ Ջաբրայիլում. կամավոր էր գնացել․ «Երկար ժամանակ փորձում էի գնալ, եղան դեպքեր, երբ գնացի ասացին երկու օրից արի, նորից գնացի ասեցին գնա տուն կկանչենք, հետո գնացի մեր զինկոմիսարիատ ասացի, որ հրանոթի վրա եմ եղել, միանագամից գործերս կազմեցին ու ուղարկեցին»։ Գնալու առաջին փորձը, սակայն ձախողվում է, Արմենին ճանապարհից տուն են ուղարկում։
Նրա եղբայրն էլ ապրիլյան պատերազմի մասնակից է՝ վիրավորվել է ու հաշմանդամության կարգ ստացել:
Սա էլ Արմենին պատերազմ չտանելու հիմքն էր։ Բայց Արմենը, հերոս եղբորից ներշնչված, ընտանիքից գաղտնի գալիս է Երևան, կամավորագրվում ու այս անգամ արդեն մեկնում ուղիղ ռազմաճակատ․ «Իմ կամքը, ապրելակերպը, իմ դաստիրակությունը թույլ չէր տա չգնալ, ես չէի կարողան ա իմ ախպոր ու բարեկամների աչքերի մեջ նայեի, ես միշտ հպարտացել եմ, որ Արթուրի պես ախպեր ունեմ, որ ինքը կռված տղա է»։
Կռված տղաների թիվը տանը ավելացնելով՝ Արմենը հոկտեմբերի 3-ից մինչը 11-ի գիշերը մասնակցել է մարտական գործողություններին, հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերն էլ թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից ծանր վիրավորվել։ Արմենին գրեթե անգիտակից վիճակում հիվանդանոց է հասցրել զինակից ընկերը՝ Մարտին Մակարյանը։ Ասում է՝ եթե Մարտինը չլիներ, դժվար թե ողջ մնայի։
Հավատում էիր, որ հետ կգաս տուն հարցին Արմենը ժպիտով, բայց բացասական պատասխան է տալիս․ «Ճիշտն ասած չէ, ուղղակի ես մինչև վերջին պահին չէի հավատա, որ կարողա սաղ մնամ»։ Վիրահատական սեղանին պառկած տղան կարողանում է աջ ձեռքը շարժել՝ այդպիսով բժիշկներին հուշելով, որ մի ձեռքը չկտրեն։ Հիմա Արմենը մոր ու եղբոր հետ Երևանում վարձով է ապրում։
Խնդիրները բազմաթիվ են, ծախսերը փորձում են հոգալ եղբոր զինհաշմանդամության թոշակով։ Ապագայի հետ կապված պլաններ դեռ չունի, ասում է՝ կարևորը բուժվելն է, դեռ միայն դա է ուզում։ Լավատես ու ուժեղ կամավորականը վերջում հորդորեց չասել, թե պատերազմում պարտվել ենք։ Վստահ է՝ սա ժամանակավոր հրադադար է։
https://factor.am/337769.html