TASS. Թուրքիայում ձերբակալված ռուս լրագրողները ռեպորտաժ էին պատրաստում Bayraktar-ների մասին
Monday, December 7, 2020Թուրքիայում ձերբակալված ռուսաստանցի լրագրողները ռեպորտաժ էին պատրաստում թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի մասին, այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Լրագրողները ներկայացնում են ռուսաստանյան առաջատար НТВ հեռուստաընկերությունը։ Լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ալեքսանդրա Կոշարնիցկայայի խոսքերով՝ Թուրքիայի իրավապահները ռուսաստանցի լրագրողներին ձերբակալել են «թուրքական անվտանգության օբյեկտների չարտոնված նկարահանման համար»։
Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը ձերբակալվել են դեկտեմբերի 3-ին Ստամբուլում։ Ըստ ռուսաստանյան լրատվական աղբյուրների՝ առաջիկայում նրանք կարտաքսվեն Ռուսաստան։
Թուրքական արտադրության Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքերը Ադրբեջանը լայնորեն կիրառել է Լեռնային Ղարաբաղում։ Թուրքիան աշխարհում 6-րդ երկիրն է՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Իսրայելից, Պակիստանից և Իրանից հետո, որը ինքնուրույն ստեղծել է հարվածային ԱԹՍ և այն օգտագործել իրական պատերազմական պայմաններում:
Նոյեմբերի վերջին Թուրքիայի հետ համատեղ ռազմական անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին է հայտարարել Ուկրաինան։
https://www.azatutyun.am/a/30988278.html