‘’Կորոնավիրուսը կքնի, բայց չի մեռնի’’, ասում են փորձագետները
Monday, March 8, 2021Մեկ տարի է անցել այն օրվանից, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19- ը հայտարարեց համավարակ:
Սակայն դատարկ փողոցները շուտով կարող են նորից կենդանություն ստանալ, ասում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի նախկին ղեկավար Թոմ Ֆրիդենը:
«Կարծում եմ, որ մինչ աշուն մենք անձամբ սպորտային իրադարձություններ կտեսնենք: Մենք կտեսնենք սոցիալական միջոցառումներ, վերաբացված կինոթատրոններ, ռեստորաններ և բարեր»:
Պատվաստումների ընթացքն այս պահին արագանում է: Նախագահ Ջո Բայդենի վարչակազմի միջնորդությամբ էլ կնքված գործարքի համաձայն, մրցակցային Merck ընկերությունը կօգնի, որ զարկ տրվի մատակարարումներին:
«Մայիսի վերջին Ամերիկայում յուրաքանչյուր մեծահասակի համար պատվաստանյութերի բավարար պաշար կունենանք», ասում է Ջո Բայդենը:
Ջորջթաունի համալսարանի առողջապահության հարցերով փորձագետ Լորենս Գոսթինի խոսքերով էլ, ԱՄՆ-ը շուտով կունենա պատվաստանյութերի անհրաժեշտից ավելի պաշար:
«Մինչեւ ամառ մենք կսկսենք մեր չափաբաժինները նվիրաբերել ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին», ասել է նա:
Գոսթինի խոսքերով, հարուստ երկրների շահերից է բխում, որ ավելի ցածր եկամուտ ունեցող երկրներում մարդիկ ենթարկվեն պատվաստումների:
Պատվաստանյութերն այժմ արդեն ցույց են տալիս իրենց դրական ազդեցությունը, սակայն չի բացառվում, որ կորոնավիրուսի նոր տարատեսակների տարածումը:
Ֆրիդենն էլ ավելացնում է, որ այդ հանգամանքը խոսում է այն մասին, որ այս վիրուսը շատ ‘’նենգ’’ է եւ ունի իր դեմ իրականացվող պաշտպանական միջոցներից խուսափելու ունակություններ:
Բնականոն կյանքին վերադառնալու ճանապարհին կա մեկ այլ խնդիր եւս: Դա պաշտպանական միջոցներից ու միջոցառումներից խուսափելու հանգամանքն է:
«Մենք չպետք է կրկնենք նախկին սխալը հատկապես հիմա, երբ գիտենք, որ արդեն առկա են վարակի տարատեսակներ», ասում է համաճարակաբան Ալի Մոքդադը:
Սակայն հակառակ այս պնդումներին, ԱՄՆ-ի որոշ նահանգներ սկսել են թուլացնել սահմանափակումները: Օրինակ Թեքսասի նահանգապետ Գրեգ Էբոթը նույնիսկ հայտարարել է դիմակներից հրաժարվելու մասին: Մի բան, ինչը նախագահ Բայդենը համարում է «նեանդերտալյան մտածողություն»:
Մեծ վտանգ է ներկայացնում մարդկանց որոշ մասի մոտ առկա այն մտածելակերպը, որի համաձայն հարկավոր չէ վստահել պատվաստանյութերին: Այդպես է մտածում ԱՄՆ-ի բնակչության մեկ քառորդը:
Այնպես որ, ասում են փորձագետները, հիվանդության տարածումը կանխելու հանգամանքը չի նշանակում, որ այն ի սպառ կվերանա: Այն կպահպանվի կրճատված ձեւով, իսկ բռնկումները կանխելու համար կպահանջվի պատվաստանյութերի արտադրություն աշխարհի ավելի մեծաթիվ երկրներում:
https://www.amerikayidzayn.com/a/5806352.html