New START. Վաշինգտոնյան վերջնագիրը Վլադիմիր Պուտինին
Friday, November 30, 2018ՎԱՇԻՆԳՏՈՆ-ԱՄՆ նախագահ Թրամփը կարծես խուսափում է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից: Սակայն կան Միացյալ Նահանգների դիրքի կարծրացման շատ ավելի կարեւոր ազդանշաններ: Խոսքը 1940-ականների վերջին բնորոշ միջուկային շանտաժի վերհուշի մասին է:
Ռազմավարական Սպառազինությունների Սահմանափակման երկրորդ պայմանագիրը (New START) անհապաղ առկախելուն եւ 2021-ին գործողությունը չերկարաձգելուն ուղղված օրինագծի առաջադրումը կառավարող Դեմոկրատ կուսակցության ներկայացուցիչների կողմից ծանրագույն խնդրի առջեւ է կանգնեցնում ռազմականացման ուղով ընթացող Ռուսաստանին:
Կոնգրեսական Լիզ Չեյնին (Elizabeth «Liz» Cheney) ու ծերակուտական Թոմ Քոթոնը (Thomas «Tom» Cotton) ձեռք են բարձրացրել 10 տարի ժամկետ ունեցող այսպես կոչված New START պայմանագրի վրա, որ ստորագրել էին Բարաք Օբաման եւ Դմիտրի Մեդվեդեւը 2010-ին Պրագայում եւ որը ուժի մեջ էր մտել 2011-ի փետրվարին: Միջուկային սահմանափակումերից հիմնարար օրենսդրական կոդավորման մակարդակով հրաժարվելու՝ դեմոկրատների նախաձեռնությունը կարելի է դիտարկել իբրեւ անմիջական պատասխան այն ռազմաշունչ հայտարարություններին, որոնք փետրվարի 1-ին նախագահ Պուտինը ուղղեց ՌԴ Դաշնային Ժողովին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը Նահանգներին սպառնաց հիպերձայնային Kinzhal մարտավարական հրթիռներով, ատոմային շարժիչներով օժտված ենթադրաբար Givi հպարտ անունը կրող թեւավոր հրթիռներով, գերհզոր միջմայրցամաքային Sarmat հրթիռներով, պլազմատիկ միջավայրում մանեւրելու ընդունակ Avangard հրթիռներով, հեռակառավարվող միջուկային սուզանավերով, ինչպես նաեւ լազերային համակարգերով:
Այս զինանոցը նախագծվել է 1960-ական թվականներին Սովետական Միությունում, հիմնականում հենվելով 1945 թվականին հիտլերյան Գերմանիայից բերված տեխնոլոգիական վիթխարի կարողություն վրա: Սակայն դրա արդյունաբերական արտադրությունը անհեռանկար է ճանաչվել, հաշվի առնելով 60-70 թվականներին ամերիկյան արգելքների տակ հայտնված սովետական տեխնոլոգիական սուղ պայմանները: Այժմ հին նախագծերը վերակենդանացվել են սառը պատերազմից հետո Ռուսաստանի համար մատչելի դարձած արեւմտյան եւ չինական տեխնոլոգիաների հիման վրա: Անկախ նոր զինանոցի իրական կամ ոչ իրական լինելու հանգամանքից, այն իրապես սպառնում է հավաքական Արեւմուտքին:
Դեմոկրատ ներկայացուցիչները առաջարկում են հանել բոլոր սահմանափակումները ամերիկյան միջուկային տրիադայի վրայից, նկատի ունենալով, որ Պուտինի նոր զինատեսակները դուրս են գտնվում New START պայմանագրի գործողության դաշտից: Նկատի է առնվում նաեւ, որ Ռուսաստանը չի հետեւում 1988-ի Միջին եւ կարճ հեռահարության զենքերի ոչնչացման պայմանագրին (INF Treaty), ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Մոսկվան մարտավարական հսկայական զինանոց ունի, այդ թվում եւ մեզ հայտնի Iskander-M հրթիռներ: Iskander հրթիռներ կան նաեւ Հայաստանում: Բնականաբար այդ հրթիռները ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի թիրախ են հանդիսանում: Միջուկային հարվածի թիրախ է հանդիսանում ռուսական 102-րդ Գյումրու ռազմակայանն ամբողջությամբ:
Եթե խնդիրը դիտարկենք ամենաընդհանուր գծերով, ապա պետք է համաձայնենք այն թեզին, որ Ռուսաստանի Ռազմական դոկտրինը, թեեւ անուղղակի, բայց ենթադրում է միջուկային զենքի առաջնային սահմանափակ կիրառում այն դեպքերում, եթե Ռուսաստանի հանդեպ ոչ միջուկային էական սպառնալիք առաջանա: Այս հիմնարար հանգամանքը, INF Treaty չկատարելը, որեւէ պայմանագրերի չենթարկվող 5 նոր զինատեսակների մշակումն ըստ Պուտինի, ինչպես նաեւ Ղրիմի, Դոնբասի իսկ հիմա նաեւ՝ Ազով ծովի խնդիրը Վաշինգտոնում բավարար են համարում New START պայմանագրից հրաժարվելու եւ միջուկային հավասարակշռությունը ոչ միայն վերականգնելու, այլեւ՝ Ռուսատանին տնտեսական աննախադեպ մրցավազքի մեջ ներգրավելու համար: Նախագահ Պուտինի խոսնակ Պեսկովը արդեն իսկ չափազանց մտահոգիչ է գնահատել դեմոկրատների մտադրությունը: Տնտեսական հյուծող մրցավազքով զուգորդվող միջուկային մեծ առավելությամբ քաղաքական շանտաժը, իրոք, մտահոգիչ հեռանկար է:
Ստեղծված պայմաններում 102-րդ ռազմակայանի խնդիրը, միասնական ՀՕՊ կայանքների խնդիրը, Iskander-ների խնդիրը, ռազմաքաղաքական բնույթի այլ հարցեր լրացուցիչ կշիռ են ձեռք բերում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում: Ընդհանուր առմամբ, հարցերը որոշակիորեն բարդանում են: Հայաստանի ակտիվ դիրքորոշման պարագային, սակայն, նաեւ հնարավորություններ են ընձեռվում, մանավանդ որ երկրի վարչապետի պաշտոնակատարը Մոսկվայում դիտարկվում է, անշուշտ, իբրեւ «Նիք» Փաշինյան:
Source: https://www.lragir.am/2018/11/30/399643/