Home for heroes. բնակարանների վերանորոգման հատուկ ծրագիր հաշմանդամություն ունեցող վետերանների համար
Wednesday, February 1, 2023Ոտքի հպումներում զգայունություն փնտրող 25-ամյա Պետրոս Էֆենջյանը երբևէ չէր կարող պատկերացնել, որ իրենց առանձնատան`դեպի իր սենյակ տանող ճանապարհը կանցնի վերելակով․ այն առ այսօր իրեն ծառայում է որպես արվեստանոց, որտեղից ուղիղ ռազմաճակատ էր մեկնել՝ հայրենքի համար չխնայելով իրեն։
Պատերազմին մասնակցեց Ճամբարակում՝ արվեստագետի հմուտ ձեռքերն արդեն միայն զենքին ծառայեցնելով։ Վերջաբանը օրեր անց վիրավորում ստանալն էր: «Երբ պիտի ընտրություն կատարեմ սրտիս և ուղեղիս միջև, միշտ ընտրում եմ սրտիս ձայնը, այդպես էլ կամավորագրվեցի ու գնացի պատերազմ։ Այն, ինչ լսել էի պատերազմի մասին ընդհանրապես իրականությանը չէր համապատասխանում։ Առաջին օրերին տղաներին օգնում էինք ինչով կարողանում էինք՝ փոս էինք փորում, առաջին բուժօգնություն ցուցաբերում։ Այդտեղ էլ տեսանք առաջին զոհերին, հույզերս ասես քարացել էին»,- այսօր արդեն վերհիշելով պատերազմական օրերը՝ պատմում է Պետրոսն ու հավելում՝ երբ իմացել է, որ այլևս երբեք չի քայլելու ինքնուրույն, լուրն ընդունել է հանգիստ։
Այս անհավանականթեթևությամբ էլ նա ներկայացնում իր առօրյան՝ անվասայլակով, որն արդեն ամբողջությամբ տարբեր կենցաղ է։ 44-օրյա պատերազմի հիշողությունն իր մեջ խեղդելով, նա չի ցանկանում հանձնվել անցյալին, սակայն ականատեսի աչքերը չեն լռում. «Պայթյունից հետո ամեն ինչ լռեց, ոտքերս չէի զգում, մարմինս բեկորներով էր պատված, քարացել էի ու մտածում էի վերջաբանի մասին, երբ հանկարծ զգացի ապրելու ներքին մղումը․․․ ես ապրում եմ․․․»։
Իր նման շատ այլ զինվորների պես՝ Պետրոսն էլ տուն վերադարձավ վերականգնողական կենտրոնից ու բնակարանն ամբողջությամբ իր կարիքներին հարմարեցված գտավ։ Veterans of Armenia հիմնադրամի աջակցությամբ նրա համար տանը վերելակ է տեղադրվել։ Պետրոսի արվեստանոցում կտավներ են շարունակ ծնվում, ինքն էլ գոհունակությամբ շարունակում է կյանքը՝ հարմարվելով նոր միջավայրին։
Վետերանների բնակարանների բարելավման ծրագիրը Veterans of Armeenia հիմնադրամի առաջնային ծրագրերից մեկն է՝ “Home for Heroes”: Աջակցության այս ծրագրի միջոցով հիմնադրամն արդեն բարելավել է 10 վետերանի բնակարանային պայմանները՝ դրանք ամբողջապես վերափոխելով հաշմանդամություն ունեցող անձի կարիքներին համապատասխան։ Հիմնադրամը նախատեսում է մի քանի անգամ բազմապատկել այս թիվը՝ նպատակ ունենալով Արցախյան բոլոր պատերազմների վետերանների համար ապահովել բնականոն կյանքի պայմաններ՝ ըստ անհրաժեշտության վերանորոգելով նաև նրանց բնակարանները, ապահովել տեղաշարժման և տարրական կարիքները հոգալու անհրաժեշտ միջոցներ և կացության ավելի արժանապատիվ պայմաններ։
Հիմնադրվելով Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ Veterans of Armenia հիմնադրամն իրականացնում է աջակցության տասնյակ ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս բարելավել սոցիալապես անապահով, առողջական ու հոգեբանական ծանր խնդիրներ ունեցող վետերանների ու նրանց ընտանիքների կյանքը, լուծել խնդիրներն ու օգնել նրանց՝ բնականոն կենսագործունեության անցնելու համար։
https://www.tert.am/am/news/2023/01/12/heroes/3882928?fbclid=IwAR3iisdK7TsbBTlB--1A1xEqGiQaxquq4el_wvqKtMnb5Y4x-t4y1tPMP-c