COVID-19 պատվաստանյութի մոտակա ստեղծման ակնկալիքով հիվանդանոցները սկսել են վերապատրաստել իրենց անձնակազմը՝ պատվաստման գործընթացը կազմակերպելու համար:
Հինգշաբթի ԱՄՆ Սննդի և դեղորայքի վերահսկողության գերատեսչության խորհրդատվական հանձնաժողովը հաստատեց Pfizer-BioNTech COVID-19 պատվաստանյութի արտակարգ օգտագործումը: Սննդի և դեղորայքի վերահսկողության գերատեսչությունը պարտավոր չէ հետևել հանձնաժողովի առաջարկությանը, բայց ակնկալվում է, որ այն կընդունվի: Սա նշանակում է, որ պատվաստանյութը կարող է կիրառվել արդեն այս շաբաթվա վերջին, որը որակվում է որպես նախագահ Դոնալդ Թրամփի նվաճում, ով այս շաբաթվա սկզբին անցկացրեց պատվաստանյութի հարցով համաժողով առանց նորընտիր նախագահ Ջո Բայդենի թիմի անդամների: Անցումային թիմը միայն վերջերս է սկսել հաղորդակցվել հեռացող վարչակազմի հետ, քանի որ Թրամփը չի ընդունում իր պարտությունը ընտրություններում:
Իր խոսքում գործող նախագահն ասել է, որ հսկա աշխատանք է իրականացվել այս ուղղությամբ: Նա վստահ է, որ հաջորդ վարչակազմը չէր կարող նման արդյունք գրանցել: Նույն օրը Բայդենը ներկայացրեց իր առողջապահական ոլորտի թիմը և մանրամասն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի իր ծրագրին, որը ուժի մեջ կմտնի նրա կողմից պաշտոնը հունվարին ստանձնելուց հետո: Նա ամերիկացիներին խնդրեց դիմակ կրել առաջին 100 օրվա ընթացքում, խոստացավ վերաբացել դպրոցները և պատվաստանյութեր տրամադրել:
Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ-ում գրանցվեց COVID-19- ի զոհերի ամենամեծ թիվը: Մեկ օրվա ընթացքում արձանագրվեց ավելի քան 3100 մահվան դեպք: Այժմ ԱՄՆ-ում մահվան դեպքերը մոտենում են 290 հազարի, իսկ հիվանդների թիվը ավելի քան 15 միլիոն է: Սպասվում է, որ այս թիվը կարող է աճել Բայդենի երդմնակալության արարողությունից հետո:
Նախատեսվում է, որ առաջինը կպատվաստվեն տասնյակ միլիոնավոր բուժաշխատողներ, որոնց կհաջորդեն ծերանոցների աշխատակիցներն ու այնտեղ բնակվողները, անհրաժեշր ծառայությունների աշխատակիցները, հիվանդություններ ունեցող մարդիկ և տարեց ամերիկացիները: Բնակչության մնացած մասը ստիպված կլինի սպասել մինչև 2021 թվականի ապրիլ կամ մայիս:
https://www.amerikayidzayn.com/a/5696217.html