44-օրյա պատերազմից երկու տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ գործողությունները Արցախի և Հայաստանի նկատմամբ
Tuesday, September 27, 20222020 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 07։10-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ: Պատերազմը տևեց 44 օր և ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ: Պատերազմի հետևանքներն աղետալի էին հայ ժողովրդի համար՝ տարածքային կորուստներ Արցախում, բազմաթիվ զոհեր, տեղահանություններ, գերեվարված զինծառայողներ և քաղաքացիական անձինք:
Հայկական կողմը կորցրեց Արցախի 7 շրջան, Շուշին ու Հադրութը։ Այդ գիշեր Ռուսաստանը մոտ 2 հազար խաղաղապահ և 470 միավոր զինտեխնիկա ուղարկեց Արցախ։ Ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման վերահսկողության համար ռուսական դիտակետերը տեղակայվեցին Արցախի և Ադրբեջանի սահմանի, ինչպես նաև Հայաստանն ու Արցախը միացնող Լաչինի միջանցքի երկայնքով:
Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3825 է։