2019-ի ընթացքում Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել. Փաշինյան. ԼՐԱՑՎԱԾ
Friday, January 10, 20202019 թվականի ընթացքում Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը անգին է, կորուստը անամոքելի: Բայց քանի որ բանակում արձանագրված ամեն մահ կրկնակի ցավ ու կսկիծ է պատճառում բոլորիս, հարկ եմ համարում կիսվել մի լուրով: 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել:Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին: Աստված պահապան մեր զինվորներին»,- գրել է վարչապետը:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ 2019 թվականին Հայաստանի և Արցախի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 22 տոկոսով: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը հայտնել է, որ ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում 2019 թվականի ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 14-ը՝ ժամկետային զինծառայող, 22-ը՝ պայմանագրային զինծառայող, 5-ը՝ ենթասպա և 8 սպա:
«49 զինծառայողներից 20-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում: Մասնավորապես՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝ 4-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով, 7-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով,1-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով,1-ը՝ հիվանդությունից, 4-ը՝ սպանության հետևանքով, 2-ը դժբախտ պատահարից,1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից: Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 29 մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝14-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից,12-ը՝ հիվանդությունից, 3- ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու»,- գրել է Աբրահամյանը:
Աբրահամայանը համեմատության համար նշել է, որ 2018 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝ պայմանագրային զինծառայող, 2-ը՝ ենթասպա և 11 սպա:
«Ընդհանուր առմամբ վերջին տարիներին արձանագրվում է ՀՀ և ԱՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի էական նվազման կայուն միտում. եթե 2017թ. արձանագրվել է 76 դեպք, իսկ 2018 թվականին՝ 63, ապա 2019-ին՝ արձանգրվել է 49 դեպք, ինչը փաստում է, որ 2017-ին համեմատ 2019-ին զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 35.5 տոկոսով»,- գրել է Աբրահամայանը:
https://armenpress.am/arm/news/1001046.html