1946-1948 թվականների «Մեծ հայրենադարձություն»
Thursday, September 9, 20211946-1948թթ. Խորհրդային Միությունը կազմակերպեց և իրականացրեց արտասահմանում ապրող շուրջ 90 000 սփյուռքահայերի տեղափոխությունը Խորհրդային Հայաստան։ Այս երևույթը ստացավ «Մեծ Հայրենադարձություն» անվանումը։
Հայրենադարձությունը, ի պատասխան ՀԽՍՀ ղեկավարության դիմումների, թույլատրվեց ԽՍՀՄ կառավարության (Ժողկոմխորհի) նախագահ Ստալինի 1945թվականի նոյեմբերի 21-ի որոշումով, որում ասվում էր. «Ուշադրության առնելով արտասահմանում ապրող հայերի դիմումները նրանց հայրենիք՝ Սովետական Հայաստան վերադառնալու թույլտվության մասին և ՀԽՍՀ ղեկավար մարմինների միջնորդությունը, թույլատրել ՀԽՍՀ Ժողկոմխորհին կազմակերպել արտասահմանյան երկրներում ապրող հայերի վերադարձը, որոնք այդ մասին ցանկություն են հայտնել»։ Համաձայն այդ փաստաթղթի, ներգաղթի կազմակերպման հիմնական պատճառը հենց իսկ արտասահմանի հայերի ցանկությունն էր վերադառնալ հայրենիք՝ Խորհրդային Հայաստան։
Նախապատմություն
Սփյուռքահայության զանգվածային ներգաղթի կազմակերպման ծրագիրը սերտորեն առնչվում էր Թուրքիայից հայկական տարածքների ազատագրման իրական թվացող հեռանկարի հետ։
2-րդ աշխարհամարտից հետո հաղթանակած Խորհրդային Միությունն ուզում էր իր ազդեցության գոտիներն ընդլայնել ոչ միայն Արևելյան Եվրոպայում, այլև՝ Թուրքիայում և Իրանում։ Սևծովյան նեղուցներ դուրս գալու ծրագրում կար նաև Կարս-Արդահանի նահանգները Հայաստանին և Վրաստանին միացնելու հարցը։ Պահանջն ավելի համոզիչ դարձնելու համար որոշվել էր օգտագործել հայկական խաղաքարտը։ Դաշնակից տերություններին՝ Մեծ Բրիտանիային և Ամերիկայի Միացյալ Նահանգներին, պետք էր բացատրել, որ Թուրքիայի նկատմամբ եղած հողային պահանջը ոչ թե ագրեսիա է, այլ՝ 1-ին աշխարհամարտի հետևանքով հայերի կորցրած իրավունքների վերականգնում։ Դաշնակից տերությունները Պոտսդամի կոնֆերանսում բնականաբար չընդունեցին Խորհրդային Միության ծրագիրը։ Շատ չանցած՝ Միացյալ Նահանգներն ատոմային ռմբահարման ենթարկեց Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքները, ինչն աշխարհում արմատապես փոխեց ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Իսկ 1947-ին ԱՄՆ նախագահ Հարրի Թրումենի դոկտրինի հրապարակումով պարզ դարձավ, որ Թուրքիան ունի հզոր հովանավորներ և Կրեմլը պետք է համակերպվի խորհրդա-թուրքական սահմանի անփոփոխելիության հետ։ Այս ամենին զուգահեռ՝ 1945-ի գարնանից, երբ պատերազմը դեռ չէր ավարտվել, բայց ԽՍՀՄ հաղթանակն ակներև էր, սկսվել էր «Մեծ Հայրենադարձության» նախապատրաստությունը։ Հայաստանի ղեկավարները՝ ոգևորված նոր և ավելի զանգվածային ներգաղթ ձեռնարկելու հնարավորությունից, ջանում էին համոզել Ստալինին և նրա շրջապատին, որպեսզի օր առաջ սկսվի հայերի հայրենադարձությունը։
Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը այդ հարցը անուղղակիորեն կենտրոնական իշխանությունների առաջ բարձրացրեց 1945թ. ապրիլ ամսին, երբ ՀԽՍՀ Ժողկոմխորհը և ՀԿ(բ)Կ Կենտկոմը հարց բարձրացրին ՀամԿ(բ)Կ Կենտկոմ՝ Ստալինի և արտաքին գործերի նախարար Մոլոտովի առաջ՝ ՀԽՍՀ ժողկոմխորհի ներկայացուցիչներ ուղարկել Իրան, Սիրիա-Լիբանան, Ռումինիա և Բուլղարիա «այդ երկրներում հայերի վիճակը, մասնավորապես, խորհրդային քաղաքացիություն ընդունելու, Հայաստան տեղափոխվելու նրանց ձգտումների հետ կապված հարցերը ուսումնասիրելու» համար։ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը զանգվածային հայրենադարձություն կազմակերպելու հիմնախնդիրը իր ամբողջությամբ կենտրոնական իշխանություններին՝ հանձին Ստալինի, ներկայացրեց 1945թ. մայիսի 15-ին՝ ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ Ա. Սարգսյանի և ՀԿ(բ)կ կենտկոմի քարտուղար Գր. Հարությունյանի ստորագրած գրությամբ։ Ստալինին ուղարկած գրությունն ավարտվում է հետևյալ առաջարկություններով.
«Հաշվի առնելով այդ բոլորը և հնարավորությունների առկայությունը արտասահմանյան հայերի մի մասին ընդունել նույնիսկ ընթացիկ տարում, ՀԿ(բ)Կ կենտկոմը և ՀԽՍՀ Ժողկոմխորհը դրական են վերաբերվում հայրենիք Խորհրդային Հայաստան արտասահմանյան հայերի վերադարձի հարցին և խնդրում են Ձեր թույլտվությունը.
1. Հայաստանի Ժողկոմխորհին կազմակերպել ռուս-թուրքական պատերազմների և թուրքական կառավարության կողմից հայերի կոտորածների ընթացքում արտասահմանյան երկրներ փախած հայերի վերադարձը:
2. Կազմակերպել ՀԽՍՀ Ժողկոմխորհին կից ներգաղթող հայերի ընդունման և տեղավորման գծով կոմիտե:
3. Հայկական գաղթօջախներում առաջադիմական, հայրենասիրական և բարեգործական ընկերությունների ներկայացուցիչներից ստեղծել հայերի հայրենիք վերադարձի գծով կոմիտեներ:
4. Հավանություն տալ արտասահմանյան հայերի նախաձեռնությանը հայության շրջանում միջոցների հավաքման և Խորհրդային Հայաստան վերադարձի ու տեղավորման հիմնադրամ ստեղծելու համար, այդ նպատակով ներգրավելով արտասահմանի բարեգործական ու այլ ընկերությունների հիմնադրամները:
5. ՀԽՍՀ Ժողկոմխորհի տրամադրությանը հատկացնել հինգ միլիոն ռուբլի ընթացիկ տարում հայ-ներգաղթողների ընդունման կազմակերպման ծախսերի համար:
6. Թույլատրել ՀԽՍՀ Ժողկոմխորհին 1945թ. կազմակերպել 30-40-ական հայերի վերադարձը, առաջին հերթին Ռումինիայից և Բուլղարիայից, աշխատանքի տեղավորելով նրանց Հայկ. ԽՍՀ խորհրդային տնտեսություններում և շահագործման հանձնվող արդյունաբերական ձեռնարկություններում»։
Հայաստանի ղեկավարության մայիսի 15-ի գրությունը Ստալինը թողեց անպատասխան։ Հասկանալի է, որ առանց Միութենական կառավարության որոշման Խորհրդային Հայաստանի կառավարությունը ոչինչ չէր կարող ձեռնարկել։ Իսկ արտասահմանից ստացվում էին հազարավոր դիմումներ, մեկը մյուսից հուզական։ Հատկապես ծանր էր հայերի վիճակը Հունաստանում։ Այնտեղ բնակվող 25 հազար հայերից միայն 5 հազարն ուներ հունական քաղաքացիություն, իսկ մյուսները զրկված էին քաղաքացիական որևէ իրավունքից։ 1945թ. այնտեղ բռնկված քաղաքացիական պատերազմի պատճառով հայերը հալածվում էին որպես «խորհրդամետ և կոմունիստամետ» կողմնորոշում ունեցողներ։ Հյուսիսային Հունաստանից Մակեդոնիայից և Թրակիայից հալածանքներից փրկվելու համար շատ հայեր փախչում էին Բուլղարիա։ Որպես առիթ օգտագործելով Հունաստանի հայ բնակչության ծանր դրությունը, Հայաստանի ղեկավարությունը 1945թ. հուլիսի 4-ին կրկին դիմում է Միութեանական կառավարությանը, այս անգամ արտաքին գործերի նախարար Վ. Մոլոտովին։ Սակայն այս նամակը ևս մնում է անհետևանք։ Հայրենադարձության հարցը արտասահմանյան մամուլում դարձավ շահարկման առարկա։ Ստեղծված իրադրությունից ելք գտնելու համար Գր. Հարությունյանը որոշում է մեկնել Մոսկվա, տեսակցել Ստալինի և երկրի մյուս ղեկավարների հետ։ Գր. Հարությունյանը արտասահմանյան հայերի հայրենիք վերադառնալու վերաբերյալ Մոսկվայում երկու գրություն էր կազմել, մեկը Ստալինի, մյուսը Մալենկովի անուններով։ Ստալինին ուղղված գրությունում նշվում էր երեք հիմանակնա հանգամանք՝ Արտասահմանյան հայերից ստացվող անպատասխան դիմումներ, հայրենիք վերադառնալու թույլտվության մասին, հայկական գաղթօջախներում թշնամաբար տրամադրված խմբերիկողմից այդ հարցի շահարոկումը ի վնաս Խորհրդային Միության և արտասահմանյան երկրներում ապրող հայերի հայրենիք՝ Խորհրդային Հայաստան վերադառնալու թույլտվության մասին Խորհրդային Հայաստանի 25-ամյակի առթիվ Միութենական կառավարության հատուկ որոշման անհրաժեշտությումը։ Գրությանը կցված էր ԽՍՀՄ կառավարության որոշման նախագիծը։ Մի քանի օր անց, նոյեմբերի 21-ին ներկայացված նախագիծը առանց որևէ փոփոխման ԽՍՀՄ Ժողկոմխորհը Ստալինի ստորագրությամբ ընդունեց որպես որոշում «Արտասահմանյան հայերի Խորհրդային Հայաստան վերադառնալու կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին» վերնագրով։
Հայրենադարձության կազմակերպումը
1946թ.
Հայրենադարձության վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո սկսվել էր քարոզչական աշխատանք հատուկ կոմիտեների կողմից, որոնք պետք է բանակցեին տեղի իշխանությունների հետ և ամեն կերպ քարոզեին տեղի հայությանը տեղափոխվել Խորհրդային Հայաստան։ Բոլոր այն երկրներում, որտեղից պիտի հայրենադարձություն իրականացվեր, ստեղծվում են ներգաղթի կոմիտեներ և տարվում է քարոզչական աշխատանք։ Սկսվում է Հայաստան տեղափոխվել ցանկացողների ցուցակագրում։ Գրանցվողնրի թիվը աննախադեպ մեծ էր. արդեն 1946 թվականի փետրվարին ցանկություն էին հայտնել ՀԽՍՀ տեղափոխվել ավելի քան 130 հազ. մարդ, այդ թվում՝ Սիրիայից և Լիբանանից՝ 50 000, Հր. Ամերիկայից՝ 32 000, Իրանից՝ 21 000, Թուրքիայից՝ 19 000, Հունաստանից՝ 8 000 մարդ։
Արդեն Խորհրդային Հայաստանում հայրենադարձների ընդունման հետ կապված աշխատանքները համակարգելու համար Հայկական ՍՍՌ Ժողովրդական կոմիսարների խորհրդին կից ստեղծվում է «Արտասահմանից ներգաղթող հայերի ընդունման և տեղավորման կոմիտե», որի նախագահ է ընտրվում Բ. Աստվածատրյանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկացողների թիվը շատ մեծ է, որոշվում է 1946թ-ին ընդունել միայն 28 800 մարդ։
Հայրենադարձների առաջին քարավանը «Տրանսիլվանիա» շոգենավով Բաթումի նավահանգիստ հասավ 1946 թ․ հունիսի 27-ին։ Հայրենիք էին վերադառնում հիմնականում Դամասկոսի և Բեյրութի հայերը, որոնց թիվը հասնում էր 1806-ի[3]։ Երկու օր անց հայրենադարձների գնացքը Բաթումից շարժվեց դեպի Խորհրդային Հայաստան։ Հայրենադարձների երկրորդ քարավանը Բաթումի հասավ հուլիսի 14-ին՝ բերելով 1830 հայրենադարձի։ Ներգաղթի առաջին քարավանին հետևեցին մյուսները։ 1946թ․ հուլիս-օգստոսին սկսվեց Ռումինիայի հայերի և բուլղարահայերի, ապա հունահայերի, իրանահայերի տեղափոխումը ՀԽՍՀ։ Միայն 1946 թ. ընթացքում, մինչև հոկտեմբերի կեսերը Խորհրդային Հայաստան ներգաղթվեց մոտ 11 000 ընտանիք կամ ավելի քան 50 000 մարդ, նախատեսված 25-30 հազարի փոխարեն։ Առաջ են գալիս մի շարք դժվարություններ։ Հոկտեմբերի 8-ին Ստալինին գրած զեկուցագրում Հայաստանի ԽՍՀի Կենտկոմի առաջին քարտուղար Գր. Հարությունյանը ներկայացնում է արդյունքները.
1. Բնակարանների պակասի պատճառով ժամանողներին հաճախ տեղավորում են բնակության համար ոչ պիտանի շինություններում, ինչը առաջ է բերում արդարացի դժգոհություն, իսկ բնակարանների կառուցումը դանդաղում է շինափայտի և ծածկի նյութերի պակասի պատճառով։
2. Ժամանող բնակչության հիմնական զանգվածը արհեստավորներ են և նրանց տեղավորում են գյուղական վայրերում, նրանք դժգոհում են և ցանկանում բնակել քաղաքներում։
3. Իրանից, Սիրիայից և Լիբանանից ժամանածները վատ են հագնված և մոտակա ձմռանը նրանք պատրաստ չեն։ Նրանց աշխատած գումարները բավարար չեն հագուստ և կոշիկ գնելու համար։
4. Իրանից և Սիրիայից ժամանած հայրենադարձները համառորեն պահանջում են իրենց մատակարարել ամենօրյա թեյի շաքար, իսկ դա ավելին է, քան տեղաբնիկների սպառումը։
Մոտենում էր 1947 թվականը։
1947թ.
ԽՍՀՄ կառավարությանն է ներկայացվում հայրենադարձության հաջորդ փուլի որոշման նախագիծը։ Դրան զուգահեռ աճում էին դժվարություններն ու դժգոհությունները։ Հայրենադարձների կարիքներին ծանոթանալու համար ստեղծվում են հատուկ հանձնաժողովներ։ Տնտեսական ծանր պայմանների պատճառներով սկսում են նկատվել արտագաղթի տրամադրություններ։ Սահմանը խախտելու փորձերը գնալով հաճախակիանում էին, այդ պատճառով ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյի 1947թ մայիսի 16-ի որոշմամբ սահմանամերձ շրջաններում բնակեցված հայրենադարձներին սկսում են տեղափոխել հանրապետության այլ տարածքներ։ Որոշ տվյալներով տեղափոխման է ենթարկվել 215 ընտանիք։
1947թ հուլիսին վերսկսվում է 1946թ. վերջերին դադարեցված հայրենադարձությունը։ 1947թ նախատեսվում էր ընդունել 63 000 մարդ հետևյալ երկրներից.
Որոշում կայացվեց նաև 1947թ-ին հրաժարվել Թուրքիայից հայերի ընդունել՝ այդ երկրի հետ դիվանագիտական պայմանավորվածությունների բացակայության պատճառով։
Միայն Սիրիայից և Լիբանանից Խորհրդային Հայաստան եկավ ավելի քան 2 500 ընտանիք կամ մոտ 13 000 մարդ, Իրաքից՝ 177 ընտանիք կամ մոտ 900 մարդ։ Աստիճանաբար պարզ է դառնում, որ 1947թ հայրենադարձության ծրագրերը կատարել հնարավոր չէ։ 1947թ հայրենադարձների թիվը կազմեց ավելի քան 8 500 ընտանիք կամ ավելի քան 35 000 մարդ, նախատեսված 63 000-ի փոխարեն։
1948թ.
1947թ. դեկտեմբերի 10-ին ԽՍՀՄ Մինիստրների Խորհուրդը հաստատեց 1948թ. հայրենադարձության ծրագիրը։
1948թ նախատեսված էր ընդունել 10 000 հայրենադարձհետևյալ երկրներից.
Սակայն 1948թ. Հայաստանի Կոմունիստական Կուսակցության կենտկոմի օգոստոսի 24-ի որոշմամբ այդ թիվը կրճատվեց։ Նախատեսվում էր «հայրենադարձների» ընդունել Ռումինիայից (1000 մարդ), Եգիպտոսից(1900 մարդ), Բուլղարիայից(1000 մարդ) և ԱՄՆ-ից(750 մարդ)։ Բացի այդ որոշում կայացվեց նաև 1949թ. դադարեցնել զանգվածային հայրենադարձությունը։ Մինչև Սեպտեմբեր Հայաստան հասան Ռումինիայից և Եգիպտոսից ներգաղթողները, Իսկ Բուլղարիայի հայերը այդպես էլ չկարողացա տեղափոխվել, քանի որ 1948թ. սեպտեմբերի 14-ին հայրենադարձությունը կասեցվեց։ Որոշումից հետո եղավ մեկ բացառություն, 1948թ. վերջին որոշվեց ընդունել 260 մարդ ԱՄՆ-ից, որոնք հրաժարվել էին իրենց քաղաքացիությունից և ընդունել ԽՍՀՄ քաղաքացիություն։ Այս խումբը Հայաստան հասավ 1949թ. փետրվարին։