10 տարվա դադարից հետո Երևանում անցկացվել է «Հայկի նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը
Tuesday, October 17, 2023Երևանում հոկտեմբերի 10-16-ն անցկացվել է «Հայկի նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը, որին տարբեր տարիքային խմբերում Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից և Արաբական Միացյալ էմիրություններից շուրջ 80 մարզիկ է մասնակցել:
Մրցաշարին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Հայկի նետեր» միջազգային մրցաշարն անցկացվել է 4 տարիքային խմբերում: Մինչև 12 տարեկան մարզիկները մասնակցել են 18 մետր, մինչև 16 տարեկան մարզիկները՝ 40 մետր, մինչև 20 տարեկան մարզիկները՝ 60 մետր, իսկ 21 տարեկանից բարձր մարզիկները՝ 70 մետր մրցաձևերում:
Մեծահասակաների 70 մետր մրցաձևում հաղթողի կոչմանն արժանացել է Վասիլ Շահնազարյանը, արծաթե մեդալակիր է դարձել վրացի Ջավա Մաշեշվիլին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ամիր Սանդուևը Ղազախստանից: Աղջիկների անհատական պայքարում հաղթող է ճանաչվել Ղազախստանի ներկայացուցիչ Մաբինա Զոյիմավան, երկրորդ տեղը գրավել է Չիկո Բուտկարաձեն Վրաստանից, իսկ երրորդ տեղում Հայաստանի ներկայացուցիչ Արփի Վարդանյանն է:
Մեծահասակների շրջանում անցկացվել են նաև թիմային մրցումներ: 70 մետր մրցաձևի տղաների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է «Երևան 1» թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է «Երևան 2»-ը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ղազախստանի երկրորդ թիմը: Աղջիկների պայքարում թիմային առաջին տեղը զբաղեցրել է հայ և վրացի մարզիկներից կազմված թիմը, երկրորդ և երրորդ տեղերը գրավել են Ղազախստանի առաջին և երկրորդ թիմերը համապատասխանաբար:
Հայաստանի նետաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանի խոսքով՝ մրցաշարին Հայաստանի շուրջ 40 ներկայացուցիչ է մասնակցել. հայ մարզիկները հաջող մրցելույթներ են ունեցել և մրցանակային տեղեր զբաղեցրել, ինչը մարզչի գնահատմամբ՝ բավականին գոհացուցիչ է:
Ի դեպ, «Հայկի նետեր» միջազգային մրցաշարն անցկացվել է շուրջ 10 տարվա դադարից հետո:
«Սա մեր ավանդական մրցաշարերից է, բայց տասը տարի առաջ դադարեցրինք այն անցկացնել՝ մի շարք խնդիրների պատճառով: Ուրախ եմ, որ այս տարի հաջողվեց վերսկսել: Վստահ եմ՝ կշարունակենք ու տարեցտարի մրցաշարի աշխարհագրությունն ընդլայնելով՝ կունենանք ավելի մեծ թվով մասնակիցներ: Արդեն իսկ հետաքրքրությունը մեծ է»,-նշում է Բորիս Վասիլյանը:
Հայաստանում նետաձգությամբ զբաղվող շուրջ 80 երեխաներ կան, որոնք մարզումներն իրականացնում են Երևանում, Գյումրիում և Աշտարակում: Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով՝ առաջիկայում ևս մեկ մրցաշար կանցկացվի՝ արդեն տեղացի մարզիկների մասնակցությամբ:
Նշենք նաև, որ Հայաստանի նետաձգության հավաքականը նոյեմբերին, ամենայն հավանականությամբ, միջազգային մրցաշարի կմասնակցի Տաջիկստանում, իսկ դեկտեմբերին՝ Ռուսաստանում: