Քրիստոնեության ընդունումը Հայաստանում
Thursday, July 1, 2021Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին (287-330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն:
Ս. Բարդուղիմեոս առաքյալը Գողթն գավառում տեղի իշխանի և իշխանուհու խնդրանքով հիմնադրել է եկեղեցի,իսկ Ս. Թադեոս առաքյալը եպիսկոպոսական աթոռ է հիմնել Արտազում:
Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել սուրբ Թադեոս (քարոզչության տարիները՝ 35-43) և սուրբ Բարդուղիմեոս (44-60) առաքյալները, որոնք հատուկ կոչմամբ անվանվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ։ Նրանց գերեզմանները որպես սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավարևելյան կողմերում գտնվող Արտազի (Մակու) և Աղբակի (Բաշկալե) վանքերում։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։
Հայոց եկեղեցու 1-3-րդ դարերի պատմությունը քիչ է ուսումնասիրված։ Հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը (301 թվական) շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ (1-ին դար)։ Քրիստոսից հետո առաջին դարին է վերագրվում Գողթնի Եկեղեցու հիմնադրման ավանդությունը, ըստ որի Բարդուղիմեոս առաքյալը Կումսիին ձեռնադրում է Գողթն գավառի եպիսկոպոս։ Արտազի Աթոռի գավազանագրքում (649 թվական) գրված է՝
Թադեոս առաքյալը Արշակունյաց Սանատրուկ թագավորի ժամանակ եկավ Հայաստանի Շավարշան քաղաքը և ավետարանական լույսով լուսավորեց այնտեղի հավատացյալներին, իր աշակերտ Զաքարիային ձեռնադրեց քաղաքի եպիսկոպոս, և ինքը գնաց երկրի այլ կողմերի հեթանոսներին քարոզելու։ |
Զաքարիան նահատակվել էր Սանատրուկի ձեռքով Փրկչի համբարձումից 42 տարի հետո (75 թվական)։
Համարվում է, որ քրիստոնյա առաջին համայնքը Հայաստանում կազմավորվել է Սանատրուկ թագավորի հիմնադրած քաղաք Մծուրքում, իսկ նրա կործանումից հետո այդ համայնքը փոխադրվել է մոտակա Աշտիշատ։ Ինչ վերաբերում է Արտազ գավառին, որի եկեղեցում գրվել է վերոհիշյալ գիրքը, ապա այն հայոց արքունիքի ամառանոցն էր։ Թադեոս առաքյալի և Սանդուխտի նահատակությունը դրվում է այնտեղ։ 4-րդ դարի սկզբին, երբ սուրբ Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրվեց Հայաստանի եպիսկոպոս, նրա գահակալությունը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի նոր մայրաքաղաք Վաղարշապատում, այլ Աշտիշատի եպիսկոպոսական աթոռում:
Քրիստոնեության ընդունումը
Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերության արարողությանը, քանի որ քրիստոնյա էր։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (որն այժմ հայտնի է «Խոր վիրապ» անունով), որ սահմանված էր մահապարտների համար։
Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը և պետական կրոն դառնալուն էապես նպաստել են Հռիփսիմյանց կույսերը։ Ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր հալածվել էին Դիոկղետիանոս կայսեր կողմից և փախել արևելք։ Նրանց թվում էին սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Գայանեն, Սուրբ Շողակաթը, սուրբ Նունեն և այլք՝ տարբեր տվյալներով մինչև 40 հոգի։ Նրանցից Նունեն (Նինո) հիմնադրում է վրաց եկեղեցին։ Կույսերը նախ երկրպագում են Քրիստոսի տնօրինական տեղերին (Պաղեստինի սուրբ վայրեր) և ապա Եդեսիայի վրայով անցնում Մեծ Հայք՝ հաստատվելով Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ՝ հնձաններում։ Տրդատը ցանկանում է ամուսնանալ Հռիփսիմե կույսի հետ, սակայն մերժում է ստանում։ Ի պատասխան դրա՝ 300 թվականին հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել[6]։
Կույսերի նահատակությունից հետո հայոց արքան ջղային ծանր հիվանդություն է ստանում։ Ավանդույթի համաձայն՝ այդ հիվանդությունը որակվում է խոզակերպությամբ։ Թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, մի քանի անգամ երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բուժել միայն Արտաշատում բանտարկված Գրիգորը։ Նրան ազատում են բանտարկությունից և հանդիսավոր կերպով ընդունում մայրաքաղաք Վաղարշապատում։ Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Տրդատ Գ-ն և ողջ արքունիքը մկրտվում են. քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն։
Նոր հիմնադրված քրիստոնեությունը ժողովրդի մեջ տարածելու համար Հայաստանում պետք է ստեղծվեր հոգևորականության համակարգ։ Դասակարգման գագաթին՝ հոգևոր հովիվներից վեր, պետք է լիներ գլխավոր հովվապետը։ Ձեռնադրման համար հայոց եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը հանդիսավորությամբ ուղարկվում է Կապադովկիայի վարչական կենտրոն Կեսարիա քաղաքը, որտեղ ժամանակին կրթություն էր ստացել։ Կապադովկիայի եպիսկոպոսները քաղաքի եպիսկոպոս Ղևոնդի գլխավորությամբ Գրիգորին ձեռնադրում են Հայաստանի եպիսկոպոս։ Մեծ Հայքում նրա օծումը պետք է իրականացներ Փոքր Հայքի (մ.թ.ա. 1-ին դարից՝ հռոմեական պրովինցիա) Սեբաստիա քաղաքի Պետրոս եպիսկոպոսը։ Ագաթանգեղոսի վկայությամբ, երբ հայոց քահանայապետը վերադառնում է Վաղարշապատ, Տրդատ Մեծը նրան բազմեցնում է իր արքունիքի երկրորդ գահին։ Գրիգորը հայ եկեղեցու նվիրապետությունը կազմակերպում է ժամանակի պետական վարչական կառուցվածքի համաձայն՝ յուրաքանչյուր նախարարության համար մեկական եպիսկոպոս՝ թվով 36, իսկ ինքը շուտով ստանում է Հայոց Հայրապետ անունը։ Եկեղեցական ժողովներում եպիսկոպոսներից 18-ը նստում էին հայրապետի աջ, և մյուս 18-ը՝ նրանից ձախ կողմերում։ Վաղարշապատում կառուցվում է մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։ Կաթողիկոսն ու թագավորը քանդում են Հայաստանի գրեթե բոլոր հեթանոսական տաճարները. կանգուն են մնում Գառնիի հեթանոսական տաճարը և Նեմրութ լեռան դիցապաշտարանը։
Տրդատին է վերագրվում կաթողիկե եկեղեցու հիմնադրումը Վաղարշապատում։ Նա մահացավ 330 թվականին։ Նրանից մի քանի տարի առաջ Մանեա այրք կոչվող վայրում մահացել էր մենակյացության անցած Գրիգոր Լուսավորիչը։