Քաղաքական ուժերը շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Monday, June 21, 2021ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերն արդեն շնորհավորում են հաղթած ուժին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Հանրապետություն» կուսակցությունը նախ իր խորին շնորհակալությունն է հայտնում նրանց, ովքեր վստահել և քվե են տվել հենց իրենց:
«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքից Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանում գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանում անցկացվեց ժողովրդավարական ընտրություն, որտեղ ապահովվեց քվեարկության ազատությունը: Ուստի հետընտրական զարգացումներով արդյունքի վերանայման որևէ փորձ, ըստ Արման Բաբաջանյանի, կլինի ոտնձգություն Հայաստանի կայունության, պետական վերականգնման հրամայականի, հասարակական համերաշխության դեմ, այլ կերպ ասած՝ կլինի ներքին գրոհ Հայաստանի դեմ: «Անվիճելի հաղթանակի և համազգային արհարվիրքից հետո Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի դարձնելու համար շնորհավորում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր գործընկերներիս»,-նշել է Արման Բաբաջանյանը:
Նա շնորհակալություն է հայտնել Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին համատեղ անցած ճանապարհի համար:
Ընտրություններին մասնակցած մեկ այլ ուժի՝ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն էլ տարածած հայտարարության մեջ նշում է, որ յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի հետ:
«Արձանագրված արդյունքն անձամբ ինձ համար առանցքային ուղերձ է՝ իմաստավորելու քաղաքական գործունեության ընթացքում մարդկային հարաբերությունների էությունը, իսկ քաղաքական դաշտում՝ «Խաղի կանոնների» բնույթը: «Արդար Հայաստան» կուսակցությունն ընդամենը 4 ամսվա կյանք ունի, իսկ արձանագրված շուրջ 4000 ձայնը գալիս է վկայելու, որ դեռևս շատ անելիքներ ունենք՝ մեր ժողովրդի վստահությունը ձեռք բերելու և քաղաքական դաշտում լուրջ ազդեցություն ունենալու համար: Անհատապես հայտնում եմ երախտագիտությունս «Արդար Հայաստան» կուսակցությանն ընտրած մեր բոլոր քաղաքացիներին: Մեր ժողովուրդն այսպիսի ընտրություն է կատարել, ուստի մեզնից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի և քաղաքական խճանկարի արմատական փոփոխման հետ՝ վճռականորեն առաջ շարժվելու մտադրությամբ»,-նշել է նա:
https://armenpress.am/arm/news/1056075.html