Փառքի ճանապարհն աշխատասիրությունն է. Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյան
Monday, May 8, 2023Հայկական սպորտային իրականությունը կարելի է բաժանել երկու մասի՝ ծանրամարտի Եվրոպայի՝ Երևանում կայացած առաջնությունից առաջ և դրանից հետո: Հայաստանի ծանրամարտի ընտրանին նոր էջ գրեց ոչ միայն մեր երկրի, այլ նաև համաշխարհային սպորտի համար:
Տղամարդկանց հավաքականի 10 մասնակիցներից 10-ն էլ մեդալ նվաճեցին: Նրանց շարքում առաջին ոսկին նվաճեց Գոռ Սահակյանը:
Գոռի հետ մեր հանդիպումը կայացավ Մարտին Վարդանյանի անվան Վեդու քաղաքային մանկապատանեկան մարզադպրոցում, որտեղ մեր հանդիպումից հետո նա պետք է հերթական մարզումն անցկացներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սահակյանը պատմեց իր անցած ճանապարհից, թե ինչպես է գերվել ծանրամարտով ու ինչ նպատակներ ունի իր առաջ դրած:
-Գոռ, պիտի խնդրեմ սկզբի համար պատմեք, թե ինչպե՞ս և ե՞րբ եք սկսել հետաքրքրվել ծանրամարտով:
-Ի սկզբանե մեծ եղբայրս էր մարզվում ծանրամարտով: Եկել էի նայելու Վեդիի առաջնությունը, որին նա մասնակցում էր և հաղթեց: Ինձ ոգևորեց այդ փաստը և սիրեցի ծանրամարտը: Հենց նա էլ ինձ բերեց ծանրամարտի մարզադպրոց և ընդունեց մարզադպրոց: Փոքրամարմին էի և առաջին մարզիչս չընդունեց ինձ, բայց հաջորդ օրը Պողոս Պողոսյանի մոտ եկանք, ով վերցրեց ինձ մարզումների: Ու քանի որ մարզաձևի տեխնիկական հատվածին տիրապետում էի, միանգամից էլ սկսեցի մարզումներս:
-Իսկ քանի՞ տարեկան էիք այդ ժամանակ:
- 8 տարեկան էի: Դրանից երեք ամիս անց մասնակցեցի Վեդիի առաջնությանը և հաղթեցի: Ինչն էլ ոգևորեց ինձ:
-Իսկ ձեր ավագ եղբայրը դեռևս ծանրամարտով զբաղվո՞ւմ է:
-Ոչ, նա այլևս չի մարզվում: Մասնակցեց պատերազմին և վերադարձից հետո էլ չշարունակեց:
-Արդյոք եղե՞լ է մի պահ, որը բեկումնային էր, որից հետո հասկացաք, որ, այո, ծանրամարտը Ձեր մարզաձևն է:
-Մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությանը մասնակցեցի 15 տարեկանում, դարձա չեմպիոն և հենց այդ առաջնությունից հետո իմ մեջ ինչ-որ բան փոխվեց: Մինչ այդ էլ էի հավատում, որ ծանրամարտն իմն է, բայց այդ առաջնությունից հետո էր, որ մեջս եղած ուժը կրկնապատկվեց:
-Երբեմն չե՞ք հոգնում: Ոչ թե ֆիզիկապես, այլ բուն մարզաձևից:
-Այն կարծիքին եմ, որ եթե ունես նպատակ, չես կարող, չպիտի հոգնես: Այո, մարզումները ծանրաբեռնված են: Բայց, ոչ, չեմ հոգնում:
-Ո՞րն է Ձեր հաջորդ նպատակը, երբ արդեն իսկ Եվրոպայի չեմպիոն եք:
-Յուրաքանչյուր մարզիկի մեծագույն նպատակն Օլիմպիական խաղերն են: Առաջ չեմ ընկնում, ես դեռ 19 տարեկան եմ, և առաջ Աստված, տեսնենք՝ ինչ կլինի: Այո, ինձ ջանասեր աշխատանք է սպասվում:
https://armenpress.am/arm/news/1110426.html