Փաշինյան․ Հայաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների խորացմամբ
Thursday, December 6, 2018ԵՐԵՎԱՆ - Հայաստանը հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացմամբ և պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել դրանց կատարելագործման համար, հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:
Փաշինյանը նաև պնդել է, թե Եվրասիական միության անդամ երկրների հետ համագործակցությունը դարձել է Հայաստանի տնտեսության վրա ազդող գլխավոր գործոններից մեկը:
«ԵԱՏՄ-ի դաշնակիցների հետ մեր առևտրաշրջանառությունը 2018-ի առաջին հինգ ամիսների ընթացքում ավելացել է 15 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանումը՝ 22 տոկոսով», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ «սա վկայում է ոչ միայն եվրասիական շուկայում առկա բարենպաստ պայմանների, այլև կազմակերպության գործիքների արդյունավետության մասին»:
Ի դեպ, հաջորդ տարի կառույցում նախագահությունը ստանձնելու է Հայաստանը, ինչի առթիվ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է և հաջողություն մաղթել հայ գործընկերներին:
«Հաջորդ տարի Հայաստանը ստանձնում է նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում: Կցանկանայի հաջողություն մաղթել մեր հայաստանցի բարեկամներին», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը և խոսքը փոխանցել Նիկոլ Փաշինյանին:
Source: https://www.azatutyun.am/a/29641036.html